![]()
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութեր ու լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով Գյումրու մանկապարտեզները, որոնցից մեկից աշխատակիցները շտապելով հեռանում են, մյուսն արդեն փակվել է, երրորդի դուռը կողպված է աշխատանքային ժամին:
Բանն այն է, որ ըստ տարածվող տեղեկությունների՝ մանկապարտեզների աշխատակիցները քաղաքապետարանից շտապ հրահանգ են ստացել՝ երեխաներին ուղարկել տուն ու շտապել հրապարակ՝ հանդես գալու համար հաջակցություն Վարդան Ղուկասյանի, որին ձերբակալելու որոշում է կայացվել:
«Գյումրու «Գոհար» մանկապարտեզն է: Աշխատակիցներին ստիպում են հավաքների մասնակցել: Բազմաթիվ այսպիսի ահազանգեր ունենք»,- տեսանյութերից մեկին կից գրել է Հարությունյանը:
Մեկ այլ տեսանյութով նա ցույց է տվել «Թոռնիկ Մանուշակ» մանկապարտեզը, որի դուռն արդեն փակ է աշխատանքային ժամին:
«Լիլիթ» մանկապարտեզից Հարությունյանը լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ դռները կողպված են աշխատանքային օրով, աշխատանքային ժամին:

Աշխատանքային ժամին փակ է նաև Գյումրու «Ձյունիկ» մանկապարտեզը, որի աշխատակիցները ևս երեխաներին տուն ուղարկելու, հրապարակ շտապելու հրահանգ են ստացել:
![]()