![]()
Երևանի քաղաքապետարանում «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովի» նիստում քննարկվել են ոլորտային խնդիրներ ու հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքներին ու հասարակական կյանքում առավելագույն ներգրավվածություն ապահովելու հարցեր:
Ինչպես հայտնել են քաղաքապետարանից, նիստին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հրավիրյալ անձինք:
«Բոլորիս ներկայությունը, Հանձնաժողով ունենալու անհրաժեշտությունը փաստում է այն, որ որքան էլ իրականացվեն օրենսդրական բարեփոխումներ, այնուամենայնիվ, իրականության մեջ մնում են հարցեր, որոնք դեռ չունեն լուծումներ կամ արդյունավետորեն չի կիրառվում առկա գործիքակազմը: Յուրաքանչյուր համախմբում առկա խնդիրների քննարկման շուրջ միտված է գտնելու համարժեք լուծումներ»,- նշել է նիստը վարող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի տարբեր ծրագրերով իրագործված ու ընթացիկ աշխատանքները, որոնք միտված են Երևանն առավել հարմարավետ ու մատչելի դարձնելուն, ինչպես նաև հավասար իրավունքների իրացմանը:
Նիստի ընթացքում շահագրգիռ հասարակական կազմակերպություններն իրենց հերթին ներկայացրել են ոլորտային այն խնդիրները, որոնք դեռևս լուծման անհրաժեշտություն ունեն: Դրանք կդիտարկվեն հետագա ծրագրերում:
![]()