![]()
«Արամ Ա-ն դատապարտել է կալանավորված հոգևորականների դեմ արված գործողությունները և դրան զուգահեռ արել քայլ՝ իր գահակալության 30-ամյակի առիթով հրատարակված հատորը Փաշինյանին նվիրել, սա կարող է խոսել մեկ բանի մասին, որ Արամ Ա-ն ինչ-որ առաջարկներ ունի իշխանությանը և դրանք չեն հանրայնացվել: Երևի թե առաջարկվում է ինչ-որ գործարք, պայմանավորվածություն, որը թույլ կտա այս իրավիճակը մի փոքր մեղմել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:
Խոսելով հոգևորականների ձերբակալությունների մասին՝ Ստեփանյանը նշեց. «Կարևոր չէ անձը հոգևորական է, պետական պաշտոնյա կամ շարքային քաղաքացի, եթե տեղի է ունեցել հանցագործություն, այդ հանցագործությունը պետք է քննվի, ապացուցվի և պատժվի: Այս առումով կարծում եմ, որ բոլոր գործողությունները, որոնք արվում են՝ իրավաչափ են: Կա առիթ ու դա պետք է քննվի, ինչ կարևոր է հոգևորական է, թե՝ ոչ»:
Քաղաքագետի խոսքով՝ ստեղծված իրավիճակի իրական պատճառն այն է, որ Եկեղեցու ղեկավարությունն աշխատում է պետականության դեմ. «Այս պահին Նիկոլ Փաշինյանն իշխանություն է, ՔՊ-ն ընտրված, հետևապես լեգիտիմ իշխանություն է, եթե Եկեղեցու ղեկավարությունն աշխատում է այդ իշխանության դեմ, դա նշանակում է, որ աշխատում է պետության դեմ: Մենք նման դրսևորումներ շատ-շատ ենք տեսել․ Բագրատի, Աջապահյանի գործունեությունը, վերջին կալանավորվածի գործողությունները: Իրենք աշխատում են պետության դեմ, հարց է առաջանում՝ ինչու, ես լուրջ կասկածներ ունեմ, որ աշխատում են այլ պետությունների՝ կոնկրետ Ռուսաստանի շահերից ելնելով, սա նշանակում է մեկ բան, եթե Եկեղեցու և իշխանության միջև կարող է լինել հաշտություն, դա կարող է լինել բացառապես մեկ դեպքում, եթե Եկեղեցու ղեկավարությունը հրաժարվի իր հակապետական գործողություններից: Ամբողջ Եկեղեցին և Եկեղեցու վերնախավը Հայաստանի դեպքում տարբեր բաներ են: Եկեղեցին՝ լինելով հայոց պետականության հենասյուններից մեկը, շատ մեծ դերակատարում ունի մեր հանրային կյանքում, այսօր Եկեղեցին ռեալ շանս ունի օգտագործել իր բոլոր հնարավորությունները՝ ի բարօրություն ՀՀ պետականության ամրապնդման և զարգացման, ոչ թե հակառակը, իրենք պետք է դրանով զբաղվեն: Եթե իրենք իրոք ուզեն աշխատել Հայաստանի բարօրության համար, այլ ոչ թե թշնամիների օրակարգը սպասարկեն՝ անգնահատելի աջակցություն կարող են ունենալ հասարակության հաշտեցման հարցում»:
Անդրադառնալով Գարեգին Բ-ի հրաժարական տալու հարցին՝ Դավիթ Ստեփանյանը նշեց. «Այնպես չէ, որ Գարեգին Բ-ն միայնակ կարող է նման որոշում կայացնել, ինքը շատ լուրջ աֆիլացիա ունի Ռուսաստանի հետ: Ես չեմ հավատում, որ Գարեգին Բ-ն իր կամքով հրաժարական կտա, ինքը դա կարող է անել միայն մեկ դեպքում, եթե նրա առջև իշխանությունն այնպիսի կոմպրոմատ դնի, որ ինքն այլ ելք չունենա: Մեծ հաշվով Արամ Ա-ի և Գարեգինի միջև մեծ տարբերություն չեմ տեսնում, որովհետև նրանք պատկանում են նույն եկեղեցական վերնախավին, հետևապես իրագործում են նույն նպատակները»:
Խոսելով նաև այն քննադատությունների մասին, որ կատարվող գործողությունները կապ ունեն Ադրբեջանից հնչող հայտարարությունների հետ՝ քաղաքագետն ասաց. «Չեմ ուզում նման հիմարությունները մեկնաբանել, այդ բոլոր հայտարարությունները զուտ ներքաղաքական ենթատեքստով են արվում: Կատարվող գործողությունները կապ չունեն Ադրբեջանից հնչող հայտարարությունների հետ: Այն, որ մեր երկրում վերջին ամիսների ընթացքում բոլոր արտաքին քաղաքական, ներքաղաքական զարգացումներն ուղիղ կապ ունեն նախընտրական տրամաբանության հետ, դա ակնհայտ է: Ընդդիմությունը փորձում է վնասել իշխանությանը, այնպես անել, որ իշխանությունը կորցնի ձայներ և դրա հաշվին ինքը ձայներ ձեռք բերի, սա է իրականությունը»:
![]()