![]()
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) արձագանքել է վերջին շրջանում ստեղծված իրավիճակին, որը կապված է Հայաստանի և ԵԱՏՄ անդամ այլ երկրների բեռնատարների վարորդների՝ Ռուսաստանում բեռնափոխադրումներ իրականացնելու դժվարությունների հետ։
Այս պահին հանձնաժողովում քննարկվում է հնարավորությունը՝ վերացնելու միգրացիոն սահմանափակումները այն վարորդների համար, ովքեր ԵԱՏՄ անդամ պետություններից են և զբաղվում են միջազգային ավտոբեռնափոխադրումներով։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ՌԴ-ում ժամանակավոր ժամանման (մնալու) ժամկետները սահմանող նոր կանոններին, որոնք խնդիրներ են առաջացրել վարորդների համար։
ԵԱՏՀ-ն վստահեցնում է, որ իր լիազորությունների և իրավասությունների շրջանակում անում է ամեն անհրաժեշտը՝ հարցը կարգավորելու և բեռնափոխադրումների անխափան ընթացքն ապահովելու համար։
Հիշեցնենք, որ բեռնատարների վարորդները բողոքի ակցիաներ են իրականացնում Կառավարության շենքի առջև՝ պահանջելով ռուսական կողմի հետ բանակցել՝ այնտեղ գտնվելու 90 օրվա արգելքը փոփոխելու համար։ Բողոքի ակցիայի մասնակիցներին էր մոտեցել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և հավաստիացրել, որ խնդրից տեղյակ են և զբաղվում են։
Նշենք, որ այն երկրները, որոնց քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի մտնել Ռուսաստան, այս տարվա հունվարի 1-ից այլևս ոչ թե յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում 90 օր կարող են գտնվել այնտեղ, այլ 1 տարվա ընթացքում գումարային 90 օր, այսինքն՝ այս ժամկետը ՌԴ-ն երկու անգամ կրճատել է:
![]()