Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը հարցաքննվել է

Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

«Քրեական վարույթի շրջանակներում անձը հարցաքննվել է»,- ասել են ՔԿ-ից:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմում իրավապահները գործողություններ էին իրականացրել: Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ:

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2 ամսով կալանավորվել է, 1 ամսով էլ՝ դիվանապետը:

Գործողություններն արվել են «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաղորդման հիման վրա:

ԻՔՄ-ից հայտնել են, որ ս.թ. սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ 2021 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք՝ քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար, և քանի որ հանրահավաքներին մասնակցելը թե՛ հին, թե՛ նոր Քրեական օրենսգրքով արգելված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով քննել հրապարակային արված այդ հայտարարությունը:

Նկատենք, որ որոշ շրջանակներ այս ամենից հետո Տեր Արամին համեմատում են Հուդայի հետ՝ պնդելով, թե նա դավաճան է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ