![]()
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության կողմից շրջանառվող այն թեզերին, թե 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները նրա մասին են, որ կա՛մ Ռուսաստան ենք գնում, կա՛մ Թուրքիա, նկատում է, որ այդ թեզը Հայաստանում չի ծնվել․ «Սա ՌԴ դասական հետգաղութային խոսույթի մարմնավորումն է, որ կա՛մ մեր հետ, կա՛մ թուրքերի, տասնամյակներ շարունակ Հայաստանին կապանքների մեջ պահած թեզի մարմնավորումն է»։
Ըստ Քոչինյանի՝ քաղտեխնոլոգները ոչ թե քաղաքական կուրսն են քննադատում, այլ այդ քաղաքական կուրսի որևէ մասնիկ են փոխում իրենց հայեցողությամբ և սկսում են դա քննադատել, օրինակ, եթե ՀՀ-ում քաղաքական գիծը գնում է դեպի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիա՝ մի կողմից հարաբերությունների կարգավորում Ադրբեջանի, Թուրքիայի հետ, մի կողմից Եվրոպայի հետ հարաբերությունների խորացում Միացյալ նահանգների, Հնդկաստանի, գլոբալ հարավի տարբեր պետությունների հետ և այլն, ի՞նչ են անում էս մարդիկ․ էս ամեն ինչից վերցնում են միայն Թուրքիան, ասում՝ այ եթե դուք ուզում եք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, ՌԴ-ն էլ դրան դեմ է, ուրեմն Ռուսաստանին փոխարինում ենք Թուրքիայով։
«Սա դասական մանիպուլյացիան է, մինչդեռ Հայաստանը բացարձակապես չի հայտարարել, որ գնում է դեպի Թուրքիա, կամ առհասարակ ի՞նչ է նշանակում դեպի Թուրքիա գնալ, ո՞նց կարող է Հայաստանը դեպի Թուրքիա գնալ։ Կամ ասում են՝ դուք ուզում եք թուրքերին ներել, այ մարդ, ո՞վ է խոսում թուրքերին ներելու մասին․ նախ ներում են, երբ ներողություն են խնդրում, մեզնից ինչ-որ մեկը ներողությո՞ւն է խնդրել, Թուրքիայի նախագահը եկել Ծիծեռնակաբերդում ներողությո՞ւն է խնդրել, խոնարհվե՞լ է, ո՛չ, և ուրեմն խոսակցությունը ներելու, հաշտեցման մասին չէ, խոսքը ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին է»,- ասում է Քոչինյանը։
Ըստ նրա՝ ՀՀ քաղաքական դաշտում ամենամեծ խնդիրն ընդիմությունն է, որովհետև իրականում այսօրվա իշխանությանը շատ բաներում կարելի է քննադատել, և շատ բաների համար պետք է քննադատել, բայց երբ ընդդիմությունը սկսում է ապուշ թեմաներով քննադատել իշխանությանը, դա նրանց միայն օգնում է։
Հաջորդ խնդիրը, որ Քոչինյանը մատնանշում է, այն է, որ էս ընդդիմության ակտիվ ջանքերի շնորհիվ հայրենասիրությունը, կամ, եթե կուզեք, ազգային ինքնությունը իջեցվել հավասարեցվել է թուրքատյացության մակարդակի․ «Այսինքն՝ որպեսզի դու հայ լինես, պետք է ատես թուրքերին։ Հարգելի՛ բարեկամներ, հայ լինելը մեր երաժշտությունն է, կերպարվեստն է, գրականությունն է, մեր էպոսն է, ավանդույթներն են, կրոնն է, մշակույթն է, խոհանոցն է, ոչ թե ինչ-որ մեկին ատելը․ մենք ունեն շատ մեծ ճոխություն՝ չլինել ադրբեջանցի, որ մեր ազգային ինքնությունը կառուցվի հակայի վրա։
Մենք ունենք հազարամյա ինքնություն, հայտնվել են ինչ-որ խելացի դեմքերով, ասում՝ ով թուրքին չի ատում, նա հայ չի, ըտենց լավ չի, շարունակեք, ասեք՝ ով լավ չի լացում հայ չի, ով խաշ չի ուտում հայ չի, ինչքան կարելի է մանկամտությամբ տառապել»,- նշում է նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում․
![]()