Փոխնախարար եղած ժամանակ հենց այդպիսի քաղհասարակությանն էիք խրախուսում, չէ՞. Իոաննիսյանը՝ Թաթոյանին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ նկատելով.

«Արման Թաթոյանը փաստորեն ուզում է ձևավորել այնպիսի քաղհասարակություն, որը հրապարակային դաշտում տեսնելու է ընտրական հանցագործության մասին վկայություն ու ոչինչ չանի։

Արդարադատության փոխնախարար եղած ժամանակ հենց այդպիսի քաղհասարակությանն էիք խրախուսում, չէ՞»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր փաստաբան Արա Զոհրաբյանը, ձերբակալվել են Արագածոտնի թեմի 6 հոգևորական և Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Ըստ նրա՝ վերջիններիս բնակարաններում խուզարկություններ են իրականացվել:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, թե ինչ հիմքով են իրականացվել գործողությունները:

«Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ»,- մանրամասնել են ՔԿ-ից՝ հավելելով, որ լրացուցիչ հանդես կգան հայտարարությամբ:

ԻՔՄ-ից հայտնել են, որ ս.թ. սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ 2021 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք՝ քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար, և քանի որ հանրահավաքներին մասնակցելը թե՛ հին, թե՛ նոր Քրեական օրենսգրքով արգելված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով քննել հրապարակային արված այդ հայտարարությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ