Անցումային իրականություն. Հայաստանը նոր ուղու վրա է

Հայաստանի համար վերջին տարիները նշանավորվեցին մեծ ու ծանր մարտահրավերներով՝ 2020 թվականի Արցախյան պատերազմը, տարածաշրջանային անկայունությունը և աշխարհաքաղաքական ճգնաժամը ցույց տվեցին մեր պետության համար կարևոր սկզբունք. պետական քաղաքականությունը պետք է հստակորեն առաջնորդվի բացառապես ազգային շահերով։

2020 թվականի պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի անվտանգային ու քաղաքական համակարգերը չեն կարող կայուն պաշտպանություն ապահովել՝ առանց խորքային բարեփոխումների։ Պարտությունը բացահայտեց ոչ միայն ռազմական, այլև ինստիտուցիոնալ խոցելիություններ, որի հետևանքով առաջացավ պետականության, ազգային ինքնության ու արտաքին հարաբերությունների ճգնաժամ։

2023-ին Արցախում տեղի ունեցած բռնի տեղահանությունը և տարածաշրջանային լարվածությունների շարունակությունը կրկին ընդգծեցին անվտանգության ոչ բավարար մակարդակը և արտաքին քաղաքական անորոշությունը։ Ներկայիս գլոբալ ու տարածաշրջանային զարգացումները պահանջում են նոր՝ ռեալիստական ու ինքնիշխան մոտեցում։

Նոր իրողությունների պայմաններում Հայաստանը սկսել է ձևակերպել և իրականացնել քաղաքական այնպիսի մոտեցումներ, որոնք երկար ժամանակ մնում էին անուշադրության կենտրոնում։ Պարտությունից հետո ձևավորված սթափեցնող իրականությունը ստիպեց վերանայել շատ մոտեցումներ՝ անվտանգությունից մինչև արտաքին քաղաքականություն։ Եվ հենց այդ վերաիմաստավորման շրջանակում է, որ այսօր արդեն կարելի է խոսել Հայաստանի ձեռնարկած մի շարք սկզբնական, բայց էական քայլերի մասին։

Առաջինը՝ անվտանգության ոլորտում, Հայաստանը դուրս է գալիս միակողմանի կախվածության մոդելից և անցում կատարում առավել ինքնուրույն ու դիվերսիֆիկացված ռազմավարության։ Վերջին տարիներին մեծացվել է պաշտպանության բյուջեն, սկսվել է սպառազինության աղբյուրների բազմազանեցում, ուշադրություն է դարձվում սահմանների ինժեներական ամրապնդմանն ու ռազմական ինստիտուտների արդիականացմանը։

Հայաստանը Ադրբեջանի հետ նախաստորագրել է խաղաղության համաձայնագիրը, որը կարևոր դիվանագիտական գործընթաց է և կարող է նպաստել տարածաշրջանային լարվածության նվազեցմանը։ Սակայն խաղաղության հեռանկարը պետք է ուղեկցվի պաշտպանական համակարգի խորքային վերակազմավորմամբ։ Կայուն խաղաղության և ինքնիշխան պաշտպանության հասնելու համար անհրաժեշտ է համակարգված մոտեցում՝ համադրելով դիվանագիտությունը, ռազմական վերազինումը և ինստիտուցիոնալ ամրապնդումը։

Երկրորդ՝ արտաքին քաղաքականության ոլորտում ակնհայտ է քաղաքական ուղեգծի վերակողմնորոշումը։ Հայաստանը աստիճանաբար փորձում է անցում կատարել բազմավեկտոր արտաքին քաղաքականության՝ ընդլայնելով կապերը Եվրամիության, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Իրանի և այլ երկրների հետ։ Բալանսավորման այս գործընթացը ինքնիշխանության պահպանման կարևոր պայման է։

Երրորդ՝ կառավարման ու ինստիտուցիոնալ համակարգերի բարեփոխումների ուղղությամբ նույնպես կան նշանավոր նախաձեռնություններ։ Թեև պետական ապարատում շարունակում են պահպանվել հին մեխանիզմներից ժառանգած ցածր արդյունավետության և պատասխանատվության խնդիրները, այնուամենայնիվ, քայլեր են արվում՝ թվայնացման, հակակոռուպցիոն վերահսկողության, դատական համակարգի և վարչարարության արդիականացման ուղղությամբ։ Այս բարեփոխումները դեռ լիարժեք չեն, սակայն առկա միտումները հուշում են, որ պետությունը սկսել է ընկալել կառավարման համակարգի որակը որպես ազգային անվտանգության բաղադրիչ։

Չորրորդ՝ տնտեսական և ժողովրդագրական ոլորտներում պետությունը փորձում է զարգացնել տնտեսության նոր հատվածներ՝ ՏՏ, արևային էներգետիկա, ներդրումային ոլորտ։ Ընդունվել են օրենքներ ու նախաձեռնություններ, որոնք միտված են ներգրավելու նոր կապիտալ, վերադարձրելու մասնագիտական ռեսուրսներ ու հնարավորինս մեղմելու արտագաղթի հետևանքները։ Սակայն այստեղ ևս առկա են կառուցվածքային խնդիրներ՝ ներդրումային միջավայրի անկայունություն, իրավական անորոշություն, սոցիալական անհավասարություն։

Բայց Հայաստանի ամենամեծ մարտահրավերը մնում է ներքին համախմբման պակասը։ Քաղաքական բևեռացվածությունը, հասարակության ներսում առկա որոշակի անվստահությունը իշխանության ու պետական ինստիտուտների նկատմամբ շարունակում են խաթարել փոփոխությունների տեմպը։ Եվ հենց այստեղ է, որ Հայաստանի ապագայի հարցը որոշվելու է ոչ միայն կառավարության քայլերով, այլև՝ հասարակական և քաղաքական մշակույթի վերափոխման հաջողությամբ։

Այնուամենայնիվ, կարևոր է փաստել, որ Հայաստանը սկսել է շարժվել մի ճանապարհով, որը հիմնված է ազգային շահերի վերաիմաստավորման և երկարաժամկետ պետականաշինության վրա։ Այդ ուղին դժվար է, հաճախ անբավարարարդյունքներով, բայց այն արդեն մեկնարկել է։ Առաջընթացի՝ թեկուզ փոքր, բայց համակարգային քայլերն արդեն տեսանելի են դարձել։ Այդ քայլերը պետք է խորացվեն, բազմապատկվեն և ստանան հասարակության լայն աջակցությունը՝ մի նոր էջ բացելու համար Հայաստանի պետականության պատմության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ