![]()
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը գրառում է կատարել, որում ասվում է.
«Եթե ինձ մեկ շաբաթ առաջ ասեին, որ ՀՅԴ-ն դեմ է հանդիսանալու Ալիևի դեմ սանկցիաներին , ապա ես ուղղակի չէի հավատա: Կասեի՝ դա համարյա հավասարազոր է դավաճանության: Կասեի՝ դաշնակները բավականաչափ խելք ունեն, որ այդպիսի բան չանեն: Բայց ես միամիտ էի:
Ըստ ՀՅԴ-ի բարձրախոս հանդիսացող ANCA կազմակերպության հայտարարության` ՀՅԴ-ն դեմ է Ադրբեջանի վերնախավի դեմ պատժամիջոցներ սահմանող PEACE Act օրինագծին: Ինչո՞ւ: Որովհետև օրինագիծը «նեղորեն» («narrowly»), այսինքն՝ «ընդամենը» զսպում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ: Այսինքն՝ այն «ընդամենը» խոչընդոտում է Սյունիքի կորստին: Այսինքն՝ այն «ընդամենը» պաշտպանում է սահմանին ծառայող երիտասարների կյանքերը:
Ընդամենը: Նեղորեն:
Ըստ ՀՅԴ-ի խղճուկ արդարացման՝ վերը բերված «մանրուքներից» այն կողմ օրինագիծը չի հասցեագրում Ադրբեջանի հանցագործությունները Արցախի և Հայաստանի դեմ: Այո, PEACE Act-ը իսկապես դա չի անում… այն չի լուծում Հայաստանի բոլոր պրոբլեմները: Բայց ինչպե՞ս կարող է դա պատճառ հանդիսանալ սանկցիաներին դեմ լինելու համար:
Նայեք, ես լրիվ կարող եմ հասկանալ մարդկանց վերապահումները օգոստոսի 8-ի համաձայնագրի կապակցությամբ, բայց այստեղ խոսքը արդեն Ալիևի դեմ սանկցիաների մասին է: Երբ ՀՅԴ-ն զոհաբերում է ՀՀ անվտանգության հարցը հանուն իր նեղ կուսակցական շահերի, ապա հերթական անգամ ինքն իր ձեռքով պատռում է իր «հայրենասիրական» դիմակը ու ցույց տալիս, թե ինչպիսի խղճուկ աղանդի է վերածվել այս երբեմնի առաջադեմ հեղափոխական կուսակցությունը»:
![]()
![]()