![]()
«Արման Թաթոյանը, իր խոսքերով, «տարիների բարձունքից» գնահատական է տալիս Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության գալուն (ատելության ալիքի վրա և այլն), բայց երբ լրագրողը հարցնում է՝ ինչպես է վերաբերվում Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուն, համառորեն չի ուզում մտնել այդ թեմայի մեջ, լրագրողին թույլ չի տալիս իրեն «տանել այդ օրակարգ»»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Լրագրողը հիշեցնում է, որ պարոն Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացրել, ըստ այդմ՝ իրեն կարող են հարցնել՝ ինչպես է վերաբերվում կոնկրետ անձի կոնկրետ գործողությանը, ասում է՝ կոնկրետ անձերի թեմաների մեջ չեմ մտնում, անձերին գնահատական չեմ ուզում տալ:
Նիկոլ Փաշինյանի կողմից մուրճը ցույց տալու թեմայի վրա քաղաքական թեզեր է հնչեցնում, ներկայիս իշխանության (գործադիր և օրենսդիր) բոլոր ներկայացուցիչների մասնագիտական որակները կասկածի տակ է դնում, բայց փաստացի երրորդ ժամկետով իշխանություն ստանձնելու երևույթին գնահատական չի տալիս, «վեր է կանգնած այդ թեմայից», ու հպարտությամբ ասում է, որ չի հաջողվելու իրենից գնահատական կորզել:
Խոսում է գործող Սահմանադրության թերությունների մասին, բայց երբ լրագրոը հարցնում է՝ 2015-ին ի՞նչ կարծիք ուներ Սահմանադրության փոփոխությունների մասին, ասում է՝ ես այն ժամանակ պաշտոնյա էի, պրոֆեսիոնալ գործով էի զբաղված, իմ ֆունկցիաների մեջ չէր մտնում կարծիք հայտնել:
Լրագրողը հարցնում է՝ ինչպե՞ս է վերաբերվում Սամվել Կարապետյանի քաղաքական հայտարարություններին և, ընդհանրապես, խոշոր բիզնեսի՝ քաղաքականություն մտնելուն, մարդը մի քանի րոպե խոսում է ամեն ինչից (իշխանության գործելաոճից, քաղաքական հետապնդումներից), բացի կոնկրետ հարցին պատասխանելուց:
Արդեն գուշակեցիք պատասխանը՝ «որևէ անձի գնահատական չի տալու»:
Կոնկրետ ուժերի հետ կոալիցիա ձևավորելու մասին է հարցնում, ասում է՝ կանխատեսումներ չի անում: Եվ, իհարկե, «գնահատականներ չի տալիս»: Բացի իշխանություններից, իհարկե:
Բնականաբար, մյուս հարցերի վերաբերյալ էլ (խաղաղության պայմանագիր և այլն) «պատասխանները» նույն տրամաբանության մեջ էին: Եվ այդպես՝ 53 րոպե:
Այլ կերպ ասած, մարդը եկել էր հարցազրույցի, որ ասի՝ հույս չունենաք, որ հարցերին կպատասխանեմ: Մի պահ մտածեցի՝ Բագրատ Գալստանյանի Հ1-ի հարցազրույցի երկրորդ սերիան է, ուղղակի առանց սքեմի:
Պարոն Թաթոյան, իրականում Դուք տվեցիք ամենակարևոր հարցի պատասխանը, թե ինչու Ձեզ չի կարելի ընտրել»,- գրել է նա:
![]()