![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Նարեկ Կարապետյանի հայտարարություններին և այդ համատեքստում նկատել.
«Տնտեսական անհավասարությունը՝ օլիգարխիան և աղքատությունը ծնվում է այն համոզմունքից, թե մարդիկ անհավասար են մտքով։ Հետևաբար նրանք, ովքեր իբր ավելի շատ են սիրում հայրենիքը, իբր ավելի խելացի են ու լավ են հասկանում աշխարհը, արժանի են կառավարելու Հայաստանը և Հայաստանի ժողովրդի ինքնության վրա «աշխատելու»։
Ահա Նարեկ Կարապետյանը ասում է, որ իր հորեղբայր Սամվել Կարապետյանը Սփյուռքում ապրող հայերի նման ավելի «պատրիոտիկ» վերաբերմունք ունի հայրենիքի նկատմամբ և վերադառնալով Հայաստան, տեսել է աղքատություն՝ մի երկրում, որտեղ իր հայր Կարեն Կարապետյանը 19 տարի եղել է պատգամավոր՝ մեծ մասը «Հանրապետական» կուսակցության անդամ և 4 տարի էլ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար։ Գուցե ավելի ճիշտ կլիներ՝ տանը ոչ իրենց ձևով, այլ բայց բացառապես օրինական, քաղաքական միջոցներով պարզեի՞ն, թե ինչու է այդպես ստացել։
Ռոբերտ Քոչարյանը, որ 10 տարի ղեկավարել է Հայաստանը, կարծում է, որ պետք է զբաղվել ժողովրդի ինքնության ուժեղացմամբ, որ ժողովուրդը մնա «այս բարդ տարածաշրջանում և տնտեսապես ոչ փայլուն երկրում»։ Այսինքն, տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու ու տնտեսությունը փայլուն դարձնելու փոխարեն պետք է ուժեղացնել հայ ժողովրդի ինքնությունը։
Դա մոտավորապես այս տեսքն է ունենալու. «Վայ, ժողովուրդ ջան, հապա նայեք՝ ինչ սիրուն է Արարատը», և մինչ ժողովուրդը գլուխը կթեքի, որ տեսնի՝ արդյո՞ք Արարատը այսօր ավելի սիրուն է, քան երեկ, քան հազար տարի առաջ, երբ ձևավորվում էր մեր ինքնությունը, նա արագ-արագ գրպանը կլցնի ևս 200 մլն դոլար»:
![]()