![]()
ՀՀ վարչապետը, Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով վաղը Շարմ Էլ Շեյխում կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։ Այս մասին գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
Շարմ Էլ Շեյխի խաղաղության գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Հայաստանի համար ոչ թե ձևական այց է, այլ պատմական հնարավորություն՝ վերադառնալու քաղաքական սուբյեկտության հարթություն։ Այս հրավերով Հայաստանին տրված է շանս՝ իր տեղը զբաղեցնելու այնտեղ, որտեղ որոշվում են անվտանգության, խաղաղության և նոր տարածաշրջանային կարգերի հիմնադրույթները։
Այս պահը չպետք է վատնել։ Հայաստանը պետք է արձագանքի ոչ խոսքով, այլ քայլերով՝ հստակ քաղաքական և ինստիտուցիոնալ որոշումներով, որոնք կխորացնեն մեր եվրաատլանտյան ուղղվածությունը, կապահովեն պաշտպանական ինքնուրույնությունը և կազատեն երկիրը կախվածությունից այն համակարգերից, որոնք այլևս չեն ապահովում մեր անվտանգությունը։
Շարմ Էլ Շեյխում Հայաստանը ներկայացված է՝ որպես պետություն, որը կարող է դառնալ խաղաղության, վստահության և իրավական պետության մոդել տարածաշրջանում։ Բայց այս շանսը պահելու համար պետք է արագ, խիզախ և պետական մտածողությամբ քայլել։ Աշխարհը Հայաստանին հրավիրել է սեղանի շուրջ․ հիմա հերթը Հայաստանինն է՝ ապացուցելու, որ կարող է արժանապատվորեն նստել այդ սեղանի մոտ։
![]()