![]()
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։
Ինչպես հաղորդում է APA-ն, հանդիպման ժամանակ Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լյայենը շնորհավորել են Ալիևին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված հաջողությունների համար և հույս են հայտնել, որ դա կծառայի տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմանը: Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ընդգծել են, որ այսուհետ ևս կշարունակեն ջանքերը խաղաղությանն աջակցելու ուղղությամբ: Նրանք նաև նշել են, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր ուղղություն է Եվրամիության համար:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ խաղաղության օրակարգի հետ կապված ձեռքբերումները պատմական նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի։ Իլհամ Ալիևը ընդգծել է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն հարմարվել են խաղաղության պայմաններում կյանքին, և նշել, որ Ադրբեջանը կշարունակի ջանքերը խաղաղության օրակարգի առաջխաղացման ուղղությամբ։
![]()