![]()
«Եթե ես զեկույցը ներկայացնելիս ներկայացնեմ՝ ինչ հիմքերի վրա է ծնվել այդ զեկույցը, 215 էջ կլինի, բայց միայն եզրակացությունը շատ ավելի մեծ կտոր է ներկայացնում, որն ունի գաղտնի, խիստ գաղտնի տվյալներ, և դա՝ զեկույց ներկայացնելը, բարդ խնդիր է»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ լխոսելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացության և դրա՝ ԱԺ օրակարգում չներառվելու մասին:
Նա նշել է, որ ժամկետները գուցե խախտվել են, ինչպես պնդում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, բայց կան տարբերակներ՝ այդ բացթողումը շտկելու: Ըստ Քոչարյանի՝ նման նախադեպ եղել է նաև քառօրյա պատերազմի դեպքում:
Հարցին՝ առանձնացրե՞լ էր ինքը նախօրոք, թե քանի՞ տոկոսը հնարավոր կլիներ հրապարակային ներկայացնել, Քոչարյանը պատասխանել է.
«Ինձ համար՝ այո՛, բայց ես պետք է նայեմ՝ մթնոլորտն ինչպիսի՞ն կլինի, որովհետև այս զեկույցը պետք է ծառայի իր նպատակին, տա այն բացթողումների պատճառների հիմքերը, որը մեր ուժային կառույցների համար պետք է լինի ուղեկից՝ դրանք օր առաջ վերացնելու»:
Ի պատասխան լրագրողների հարցի թե կա՞ ՀՀ վարչապետի մեղավորթւյան բաժինը, Քոչարյանը նշել է, որ կարիք չկա մեղավորներ փնտրել:
«Իմն էլ կա, քոնն էլ կա, բոլորինս էլ կա, հետո՞: Ինչի՞… Փաշինյանը չի ասում, որ ամեն ինչի մեղավորը ես եմ, ես չեմ ասում, որ ես էլ եմ մեղավոր: Իսկ նախկինները մեղավո՞ր են: Հիմա ես չեմ խոսում նախկինների մեղքերի մասին, մենակ կասեմ՝ «բանկա-բութուլկեքը» այսօր փոխված են ամրոցներով, թող հասկացողը հասկանա՝ ինչի մասին է խոսքը: Էլ չեմ ասում՝ ժամանակին մի հատ մեխ չէինք արտադրում, այսօր մեր ռազմաարդյունաբերության վիճակը ինչպիսի՞ն է»,-ասել է Անդրանիկ Քոչարյանը:
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը ԱԺ լիագումար նիստերի օրակարգ մտցնելու ժամկետների իրավական հիմքեր չկան, ժամկետներ են խախտվել:
![]()