![]()
Ես ողջունում եմ, սա շատ կարևոր օրենք է։ Այսկերպ Ազգային ժողովում իր ելույթում մեկնաբանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Կիբեռանվտանգություն մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ստեղծել Թվային մարմին, որը պետք է կանխի կիբեռհարձակումները։ Օրենքը հանրային տեղեկությունների, տեղեկատվական համակարգի կարգավորման մարմնի մասին է։
«Այս օրենքը շատ կարևոր է և ուշացած, սա պետք է տարիներ առաջ ընդունված լիներ, համակարգը պետք է ստեղծեինք։ Պետք է շատ լուրջ համակարգային բնույթ կրի կառավարումը, մասնավորը ու պետականը պետք չի առանձնացնել, մենք պետք է ունենանք այդ հարթակը, նախարարության ենթակայության տակ ամենօրյա աշխատանք պետք է կատարվի, որպեսզի գնահատեն՝ ՀՀ-ի մասնավոր կառույցները ինչ աստիճան են պաշտպանված կիբեռհարձակումներից։ Պետք է մասնագետները կրթություն ստանան, ամեն օր պետք է աշխատեն՝ նոր գործիքների հետ առնչվելով, որովհետև սա ամեն օր փոփոխվող, նոր վտանգների առնչվող գիտություն է, որի համար նոր մտքեր ու ճկություն է պետք, մեր մասնագետները պետք է այդ գործիքներին տիրապետեն, դրա դեմն առնեն։
Եթե այս համակարգը ստեղծենք, Հայաստանի համար լավ կլինի, քանի որ ընդհանուր կդիտվի, որ այդ հարթակը կա և կկարողանա այլ պետությունների էլ օգնել, որովհետև այդ գործիքները միշտ նման են լինում։ Եթե միջազգային հարթակում այդ հարձակումները լինում են, տարբեր մասնագետները մեկը մյուսի հետ խորհրդակցում են։ Սա պետք է ինստիտուցիոնալ կառույց լինի, Հայաստանում գործող բոլոր կառույցները պետք է պաշտպանված լինեն, և այդ խմբերը՝ թե ՛ մասնավոր, թե՛ պետական, պետք է 24 ժամ աշխատեն, որպեսզի կրիտիկական ենթակառուցվածքները պաշտպանվեն, ՀՀ քաղաքացիների տվյալները պաշտպանվեն»,- իր ելույթում նշեց պատգամավորը։
Նա անդրադարձավ նաև մասնագետներ պատրաստելու հարցին․ «Ես կարծում եմ, մենք կադրերի խնդիր էլ ենք ունենալու: Սա անընդմեջ մեզ պետք եկող մասնագետների հարթակ է, հիմիկվանից պետք է մտածել, մինչև անգամ մեր բուհերում այդ հատվածով մասնագետներ պատրաստենք, որ լինեն լավագույնը։ Նախկինում ՀՀ-ից հեռացած, այլ երկրներում աշխատող մասնագետներ ունենք, նրանց հետ էլ պետք է խորհրդակցենք, որպեսզի ՀՀ-ն կարողանա պաշտպանի իր կրիտիկական ենթակառուցվածքները, որովհետև դրա տված վնասը շատ մեծ կլինի»։
![]()