![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Ստրասբուրգյան սուր կրքեր ՀՀ վարչապետի ու բրիտանացի պահպանողական պատգամավորի միջև և հայկական հետքը
ԵԽԽՎ-ում բրիտանացի պահպանողական պատգամավոր Սըր Էդվարդ Լեյի սադրիչ հարցից ու վարչապետի պատասխանից հետո հարցադրման ձևն ու դրա մեջ օգտագործած բառապաշարը տպավորություն էին թողնում, որ պատգամավորը մեծ հավանականությամբ ադրբեջանական լոբբիստ է։ Հատկապես, երբ նրա սադրիչ հարցը հաջորդել էր ՄԱԿ-ի ԳԽ-ում Ադրբեջանի նախագահի նույնատիպ սադրանքին. դրանից բառացիորեն օրեր առաջ Բաքվի բռնապետն էր իր հերթին Նյու-Յորքում փորձել Թրամփի երթուղին «մտցնել Զանգեզուրյան միջանցքի» մեջ․․․ Այնպես որ՝ երկու նույնական սադրանքների միջև ասոցիացիաներն ու հետևությունները ինչ-որ տեղ տրամաբանություն ունեին, բայց ոչ փաստական հիմք․․․
Բայց պարզվում է՝ առաջին տպավորությունների հարցում շտապել եմ ու վրիպել․․․ Սըր Էդվարդ Լեյը ամենևին ադրբեջանական լոբբիստ չէ․․․ Ու այս հետաքննությունն արեցի նաև նրա հանդեպ ու իմ հոգու առջև կատարված մեղքը քավելու համար․․․
Փորձեցի համացանցում տեղեկություններ գտնել բրիտանացի պատգամավորի՝ Sir Edward Julian Egerton Leigh / Սըր Էդվարդ Ջուլիան Էգերտոն Լեյի մասին, ավելի ստույգ՝ ստուգել, թե արդյո՞ք նա որևէ ձևով կապված է ադրբեջանական լոբբիստական կազմակերպություններին /որոնց՝ Լոնդոնում մեր համեմատությամբ աննախադեպ ակտիվ լոբբիստական գործունեությանը ու մեթոդներին վաղուցվանից եմ ծանոթ/, մինչ այժմ նա ի՞նչ հայտարարություններ է արել Ադրբեջանի օգտին կամ մեր դեմ․․․
Շատ ուշագրավ բաներ պարզվեցին․ պարզվեց՝ նա ժամանակին՝ 2011թ․ ստորագրել է «Ադրբեջանի անհամապատասխանությունը իր պարտավորություններին» գրավոր հայտարարության տակ, որի տակ առկա են ոչ միայն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների ստորագրությունը՝ Դավիթ Հարությունյան, Նաիրա Զոհրաբյան, Արմեն Ռուստամյան, Զարուհի Փոստանջյան, Գագիկ Բաղդասարյան, Հերմինե Նաղդալյան, այլ նաև այլ օտարեկրացի պատգամավորների, այդ թվում Էդվարդ Լեյի ստորագրությունը․ ակնհայտ է, որ այդ գրավոր հայտարարությունը հեղինակել են հայ պատգամավորներն ու դրանց տակ ստորագրել են իրենց անդամակցած խմբակցություններում կամ հանձնաժողովներում իրենց մոտ կամ հայամետ դիրքորոշմամբ այլազգի պատգամավորներ, որոնցից շատերին ինքս էլ ճանաչել եմ խորհրդարանական այլ վեհաժողովներից, որոնց ես եմ անդամակցել։
Ավելին, բրիտանացի պահպանողական պատգամավորը նույնիսկ արձագանքել է Երուսաղեմում հայկական թաղամասում քրիստոնյաների վրա հարձակումներն ու դատապարտել է դրանք։ Այսինքն՝ առաջին տպավորություններս, թե բրիտանացի պատգամավորը կաշառված պրոադրբեջանական լոբբիստ է, որպիսի շատերը կային ԵԽԽՎ-ում կամ այլ հեղինակավոր վեհաժողովներում, ու դա ապացուցվել է բազում սկանդալներով ու անգամ դատավարություններով, հերքվում են․․․
Բայց մի շտապեք․ ավելի հետաքրքիր փաստեր են բացահայտվում․․․
Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության պատվիրակ Սըր Էդվարդ Ջուլիան Էգերտոն Լեյը ԵԽԽՎ-ում բավական հնաբնակներից է և 2010 թվականից ի վեր 2 շրջան (2010-15 և 2017-23) որպես բրիտանական պատվիրակության հիմնական անդամ (2023-ից ի վեր արդեն փոխարինող է) իր երկիրը ներկայացրել է ԵԽԽՎ-ում՝ հիմնականում ընդգրկված լինելով աուդիտի, միգրացիայի, խտրականության, էթիկայի, ՄԻԵԴ վճիռների կատարման հանձնաժողովներում ու ենթահանձնաժողովներում, և վերջապես՝ իրավական հարցերի հանձնաժողովում։
Վերոնշյալ ժամանակաշրջաններում նրա ճանապարհները կարող էին հատվել ՀՀ տարբեր գումարման խորհրդարանների մեր՝ հայկական պատվիրակություններից շատերի հետ կա՛մ նույն հանձնաժողովին, կա՛մ նույն խմբակցությանը անդամակցության փաստով։ Օրինակ, 2020-15թթ․ նա և ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը անդամակցել են նույն խմբակցությանը՝ «Եվրոպական դեմոկրատների խումբ» (European Democrat Group-EDG)-ին, կամ այժմ էլ նա և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն են անդամակցում նույն խմբակցությանը՝ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և աֆիլացվածներ» (European Conservatives, Patriots & Affiliates)։
Սակայն նրա ԵԽԽՎ-ական գործունեությունը 2019-21թթ խաչաձևել է նաև»Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ Մասնավորապես՝ այդ տարիներին Էդմոն Մարուքյանը եղել է ԵԽԽՎ Իրավական հարցերի ու մարդու իրավունքների հանձնաժողովի առաջին փոխնախագահը (27/01/2020-ից մինչև 26/09/2021), իսկ Սըր Էդվարդ Լեյը եղել է նույն հանձնաժողովի լիակատար անդամը (24/11/2017-ից մինչև 22/01/2023-ը)։ Այսինքն՝ նրանք առնվազն 2 տարի միասին աշխատել են նույն հանձնաժողովում, տարեկան մի քանի անգամ առնվազն հանդիպել թե՛ լիագումար նիստերին, թե՛ հանձնաժողովի նիստերին։
Անկեղծ ասած՝ Էդմոն Մարուքյանի ու Էդվարդ Լեյի աշխատանքային առնչություններին չէի անդրադառնա ու առաջին հերթին կմտածեի, որ գերազանցապես այլ (աուդիտ, իրավական, էթիկա, իրավական), բայց ոչ մեր տարածաշրջանի հարցերի վրա կենտրոնացած բրիտանացի խորհրդարանականին «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցը նրան խնդրել են տալ նախկին իշխանություններին ներկայացրած ու նրան ճանաչած պատգամավորները, օրինակ՝ Դավիթ Հարությունյանը կամ Արմեն Գևորգյանը, եթե․․․
Անգամ բոլորին տեսանելի էր, որ բրիտանացի պատգամավորը բուն հարցի առարկային ու նյութին նորմալ չի էլ տիրապետում, իսկ «միջանցքի» անունն էլ գրել է թղթի կտորի վրա, որ չմոռանա ու ճիշտ արտաբերի այն, իսկ ՀՀ վարչապետից խնդրածն էլ այն էր, թե անուղղակի ընդունելով, որ Ադրբեջանին «Զանգեզուրի» միջանցք է տվել, այնտեղ՝ բոլորի ներկայությամբ ապացուցի ու հիմնավորի, որ դա, որպես արդեն կատարված ու հաստատված փաստ, Հայաստանի շահերից բխում է այնքան, որքան բխում է Ադրբեջանի շահերից…
Նրանք ովքեր մասնագետ են հարց տալու «ֆրեյմինգից», կհաստատեն, որ հարցը տրվել է այնպես, որ պատասխանողն աներկբա ընդունի, որ փաստը՝ «միջանցք տված լինելը» հաստատում է, և ուղղակի արդարանա, որ այդ միջանցքը բխում է նաև Հայաստանի շահերից, այդպիսով հաստատելով, որ միջանցք տվել է։ Այսինքն՝ մի կրակոցով երկու նապաստակ է խփվում՝ միջանցքը տրվել է և այն բխում է նաև Հայաստանի շահերից․․․ Հանուն արդարության, անսպասելի էր Փաշինյանի բնազդով ճիշտ կողմնորոշումը՝ նա չընդունեց հարցի առաջին հատվածում թաքնված ֆրեյմինգ-ծուղակը՝ չընդունեց միջանցք տալու փաստը ու չսկսեց արդարանալ կամ հիմնավորել, թե դա ինչպես է բխում Հայաստանի շահերից։ Ինչպես և խորհուրդ է տրվում նման դեպքերում՝ կտրուկ մերժում ես հարցի ֆրեյմինգը, ինչև և արեց նա, միգուցե մի փոքր ավելի ագրեսիվ, քան պետք էր /ինչ իմանար, որ դիմացը պոտենցիալ դաշնակից կարող է լինել/, դատապարտեց պատգամավորին ու հարց ուղղեց՝ «Դուք օգտագործում եք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Որտեղի՞ց այդ արտահայտությունը Ձեզ։ Նման բան ոչ մի փաստաթղթում չկա, չի եղել և համոզված եղեք՝ չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում»․․․
Իսկ սա առանցքային հարց է․ որտեղի՞ց բրիտանացի պատգամավորին մի հարց, որի գիտակը չէ ու հարց տալու ձևն անգամ մատնում էր դա․․․․
Ես, իհարկե, փաստ չունեմ պնդելու, որ ակնհայտորեն նման հարցերով երբևէ չզբաղված բրիտանացի պատգամավորին հարց ուղղելու խնդրանքը կամ պասը տրվել է Էդմոն Մարուքյանը։
Բայց զարմանալի էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Էդվարդ Լեյի սուր հարցուպատասխանին բավական սուր և արագ արձագանքեց հենց Էդմոն Մարուքյանն իր թիմակիցներով․ ըստ որում՝ արձագանքեց ոչ թե արտաքին քաղաքականության հարցերում ավելի հմուտ Էդմոն Մարուքյանը, այլ շատ ավելի քիչ հմուտ ու առավելապես քաղաքային խնդիրներով հմուտ Դավիթ Խաժակյանը։ Իսկ Էդմոն Մարուքյանը հապշտապ՝ 8 րոպեի տարբերութամբ տարածեց նրա ֆեյսբուքյան գրառումը․․․ Ի դեպ, այդ գրառումը Խաժակյանի պատին տեղադրվել է 16։22-ին, Մարուքյանն այն իր էջում տարածել է 16։30-ին․․․
Տարօրինակ էր նաև Դավիթ Խաժակյան-Էդմոն Մարուքյան համատեղ արձագանքի բովանդակությունը․ մոտավորապես՝ «էդ խեղճ մարդ ի՞նչ կապ ունի, նա ոչ մի տերմին չի հորինել, որ նրա վրա մուննաթ եք գալիս, դուք հարցին պատասխանեք, ինչո՞ւ եք շրջանցում հարցը, պատգամավորն ընդամենն ասում է, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը բխում է Ադրբեջանի շահերից ու խնդրում է հիմնավորել, որ դա բխում է նաև Հայաստանի շահերից»․․․․
Ինձ համար ակնհայտ է, որ Ստրասբուրգյան հարցը պատվիրատու ունի․ ով էլ լինի նա, ուղղակի անթույլատրելի է, որ երբեմնի հակադարբեջանական բրիտանացի պատգամավորին դեմ են հանում Հայաստանին․․․ Վստահ եմ, որ բրիտանացի պատգամավորը լավագույն զգացողությունները չի ապրել վարչապետի սուր, անգամ իրեն մեղադրող պատասխանից․․․
Բայց արժե՞ր կորցնել Հայաստանի պոտենցիալ բարեկամներից մեկին՝ նրան խնդրելով տալ այնպիսի հարց, որի պատասխանը բերելու էր իր և Հայաստանի բախմանը․․․
Դեժավյու ապրեցի Ստրասբուրգում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Զարուհի Փոստանջյանի տված անպատեհ ու զազրելի հարցուպատասխանից, իսկ դրա նախօրեին, ինչպես Դավիթ Հարությունյանը բացահայտեց՝ Զարուհին Ստրասբուրգում հանդիպել էր Սերգեյ Նարիշկինի հետ․․․ Այն ժամանակ բոլորը դատափետում էին, անգամ սպառնում այրել խարույկի վրա, իսկ հիմա կարծեք թե նորմալ է բրիտանացի պատգամավորին չերեզով հանել Հայաստանի դեմ․․․
Մի՜ արեք․․․




![]()