Նեթանյահուի հայտարարությունը որևէ կապ չունի ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ հայ ժողովրդի շահերի հետ. Փաշինյան

Ակնհայտ է, որ Նեթանյահուի հայտարարությունն ընդհանրապես կապ չունի ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ո՛չ հայ ժողովրդի շահերի հետ:

Այս մասին Կառավարության՝ օգոստոսի 28-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող հայտարարությանը:

«Ընդհանրապես, սա այն իրավիճակն է, որ այս թեմայի հետ մենք պետք է առերեսվենք: Պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր իրականության, մեր պետության շահերի և մեր ժողովրդի շահերի հետ ընդհանրապես որևէ կա չունի: Մենք ուզում ենք, որ Հայոց ցեղասպանությունը լինի ուղղակի հարցազրույցում պատահականության կամ շփոթմունքի արդյունքում արտահայտված ինչ-որ մի բա՞ն: Ես չեմ ուզում, որ մենք մեր նահատակներին այսպիսի կարգավիճակի մեջ դնենք: Էլի եմ ասում՝ մենք պետք է կենտրոնանանք մեր պետության շահերի վրա:

Այդքան երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, հիմա եկեք անդրադառնանք և գույքագրենք, թե հայ ժողովուրդը, ՀՀ-ն ի՞նչ են շահել դրանից, ի՞նչ ենք մենք ստացել դրանից: Այսինքն՝ մեր նպատակը մեր նահատակներին աշխարհաքաղաքական առևտրի մեջ որպես վճարամիջոց օգտագործելու հնարավորություն տա՞լն է ուրիշներին»,- ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ միջազգային գործընկերների հետ խոսել է այս թեմայով, փորձել է նույնիսկ հասկանալ որոշ երկրների ղեկավարների դիրքորոշումը հարցի վերաբերյալ, թե ինչու են ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ինչ մոտիվացիայով, և ըստ նրա՝ հիմնական մոտիվացիան եղել է քաղաքական ընտրություններին ավելի շատ ձայներ ստանալը, ինչը, ըստ վարչապետի, կապ չունի ՀՀ ժողովրդի շահերի հետ:

Հիշեցնենք, որ օրերս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկացի փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ հարցազրույցում ասել է, որ ճանաչում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ