Այցելել էի նորակառույց պաշտպանական շրջաններ․ Խոստովանեմ՝ այդ կառույցներն ինձ հաճելիորեն զարմացրեցին․ Մկրտիչ Իսրայելյան

 

Lրագրող Մկրտիչ Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում է գրում է․

Երեկ ԱԽ քարտուղարի հրավերով՝ գործընկերներիս հետ այցելել էի նորակառույց պաշտպանական շրջաններ։ Խոստովանեմ՝ այդ կառույցներն ինձ հաճելիորեն զարմացրեցին։
Ստորգետնյա բետոնե «ամրոցներ»։ Ինժեներական իմաստով առաջադեմ կառույցները դրական էմոցիաներից բացի՝ ինչ-որ առումով նաև տխուր մտքեր առաջացրեցին։ Այդ ամենը կարող էր գոյություն ունենալ տարիներ առաջ, և հենց այդ ժամանակ էր պետք։

Այդօրինակ շինարարությունը՝ նույն տեխնոլոգիայով ու նույն հնարավորություններով հնարավոր էր իրականացնել այլ ժամանակում։ Պարզապես այն ժամանակ որոշվեց չանել։ Որովհետև ազգային անվտանգության վրա հիմնված որոշումներն ստորադասվել էին անձնական շահերին, որովհետև այն ժամանակ որոշ մարդկանց առաջնահերթությունը բետոնե պաշտպանական շինությունները չէին, այլ սեփական բետոնե ամառանոցները, որովհետև այն ժամանակվա ռազմաքաղաքական ղեկավարության առաջնահերթությունը ոչ թե զինվորի խրամատն էր, այլ իրենց առանձնատան լողավազանը։

Այս ստորգետնյա «ամրոցները», ինչքան էլ ուշացած լինեն, դառնում են մի նոր իրականության խորհրդանիշ։ Այդ իրականությունը ձևավորվել է ծանր փորձություններով, ցավալի կորուստներով, հազարավոր կիսատ կյանքերով։

Այժմ ունենք որոշ հստակեցում՝ թե ինչ պետք է արվի և ինչպես։ Ունենք ապացույց, որ ժամանակին հնարավոր էր կառուցել, պաշտպանել, փրկել։ Բայց ցավոք՝ չունենք այլևս այն ժամանակը, երբ դա կարող էր կանխել աղետը։
Եվ հենց այդ պատճառով, նոր «ամրոցները» չեն խորհրդանշում միայն պաշտպանություն։ Դրանք հանդիսանում են նաև մեղադրական ակտ՝ ուղղված տարիների անգործությանը։
Հ. Գ. հասկանալի պատճառներով լուսանկարներ չկան այդ շինություններից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ