Ահա, թե ուր և ինչու էր գնացել Գարեգին Բ-ն. Սաֆարյանը մանրամասներ է հրապարակել

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գարեգին Բ կաթողիկոսի վերջին ուղևորություններին ու մի շարք փակագծեր բացել: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ահա, թե ո՞ւր և ինչո՞ւ գնացիր, Գարեգին Բ․․․

Որևէ մեկիս համար գաղտնիք չի եղել Արցախը բռնազավթելու հարցում Բելառուսի ու նրա նախագահի՝ Ադրբեջանին ցուցաբերած ռազմաքաղաքական աջակցությունը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու նրա երկիրը, լինելով Պուտինյան Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ անդամ /ինչպես և Հայաստանը/, «խելքը հացի հետ չէր կերել» նպաստելու համար մի հակամարտության ստատուս-քվոյի փոփոխությանը, եթե Ռուսաստանը և Պուտինը չցանկանային։

Ի վերջո, ՀԱՊԿ-ը ուներ և ունի «Կովկասյան ուղղություն», որն ամրագրվել է նրա ամենատարբեր փաստաթղթերով՝ միացյալ ՀՕՊ-ից մինչև մնացածը, և որտեղ միակ դերակատարը Հայաստանն է, և Բելառուսն առանց Պուտինի թույլտվության ոչ միայն չէր ցուցաբերի քաղաքական աջակցությունը Ադրբեջանին, թեկուզև Մեհրիբան Ալիևիայի սիրուց դրդված, այլ ռազմական օգնություն․․․ Ի վերջո, առանց Պուտինի գիտության Արցախյան ստատուս քվոն խախտելը կարող էր հղի լինել հենց ՀԱՊԿ-ի համար, եթե օրինակ, Հայաստանը պաշտոնապես մտներ պատերազմի մեջ, ինչպես սպառնաց Սերժ Սարգսյանը 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի նախավերջին օրը․․․ Ասել կուզեմ՝ Բելառուսի ռազմա-քաղաքական ու ռազմա-տեխնիկական աջակցությունն Ադրբեջանին Արցախը բռնազավթելու գործում ոչ տեսականում, ոչ գործնականում չէր կարող լինել առանց Պուտինի համաձայնության․․․

Բելառուսի աջակցությունն Ադրբեջանին բացարձակ նույն օպերայից է, ինչ Բաքվին Թուրքիայի և Իսրայելի ցուցաբերած աջակցությունը /երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներկայիս ԳՇ պետին «Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայությունից անհանգստացող» Պուտինը թույլատրել էր 44-օրյա պատերազմի երկրորդ տասնօրյակում նստել Ադրբեջանի ԳՇ-ում ու ղեկավարել պատերազմը/, որոնք երկուսն էլ թույլատրված էին Մոսկվայի կողմից։

Դեռևս 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ինքս քանիցս իմ հրապարակային ելույթներում հիմնավորել եմ, թե ինչու է Ռուսաստանը թույլատրել Ադրբեջանին օգտվել բելառուսական, թուրքական «փոդրաթից»՝ Արցախը զավթելու համար։ Պրոբելմն ու պատճառը չափազանց մերկ երևացին բուն քառօրյա պատերազմի ավարտից հետո Պուտինին ուղղված Ալիևի հանդիմանությունից, որ Մոսկվան չթողեց պատերազմով վերցել Արցախը, բայցև բավարար ճնշում չի գործադրում Երևանի վրա՝ խաղաղ եղանակով Արցախը վերադարձնելու համար, իսկ Հայաստանում աստիճանաբար աճում էին հակառուսական դժգոհություններն ու կասկածի տակ էր դրվում Հայաստանի համար Ռուսաստանի դաշնակից լինելը, Սերժ Սարգսյանը լատինական Ամերիկա այցելության ժամանակ «Հայաստանի ժողովրդի անունից մտահոգություն էր հայտնում Պուտինի կողմից Ադրբեջանին ռուսական զենքով զինելու կապակցությամբ։ Սրան էլ գումարած քառօրյա պատերազմից հետո Հայաստան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Սերժ Սարգսյանի կողմից հրապարակայնորեն բացատրություն պահանջելը՝ «բացատրե՛ք, թե սա ինչու տեղի ունեցավ» /տեսանյութը առկա է համացանցում ու ՀՀ նախագահի կայքում․․․/:

Այսպիսի իրավիճակում, երբ Ռուսաստանը չէր ցանկանում կորցնել «հին դաշնակից» Հայաստանին, բայց ուզում էր ձեռք բերել «նոր դաշնակից Ադրբեջանին», ստիպված էր կեղտոտ և սև գործն անել այլոց ձեռքերով ու թույլատրել, անգամ խնդրել Լուկաշենկոյին ՀԱՊԿ-ի անդամի անունից աջակցել Ադրբեջանին, նրան տրամադրել մահացու զենք Արցախում հայերի դեմ օգտագործելու համար, անգամ թույլատրել ու «աչք փակել» ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գեներալիտետին, հրահանգիչներին նստել Ադրբեջանի գլխավոր շտաբում ու ղեկավարել մարտը․․․

Դեհ, Իսրայելի մասին չասեմ․ եթե այսօր Իրանի հոգևոր իշխանության բարձրագույն մարմիններից մեկի՝ նպատակահարմարության խորհրդի անդամն է մեղադրում նրա մեջ, որ Ռուսաստանը մայիսյան պատերազմում ոչ միայն դավաճանել է իր դաշնակից Իրանին ու նրան «չի պաշտպանել», այլև ավելին՝ Իրանի դեմ Իսրայելի պատերազմի շրջանում կարևոր տեղակատվություն, կորդինատներ է փոխանցել Իսրայելին, ապա չխոսենք Ադրբեջանին ԶՈՒ-ին ռուսական կոնտինգենտի փոխանցած տեղեկատվության մասին, կամ չխոսենք, թե որքանով էր Ռուսաստանի շահերից բխում, որ ժամանակին Իսրայելն էլ զինի Ադրբեջանին․․․ Մի խոսքով՝ Ռուսաստանին կեղտոտ գործիքներ էին պետք հայերի հարցը լուծելու համար, այնպես, որ հայերը իրենց հերթական ողբերգության մեջ չմեղադրեն Ռուսաստանին, այլ մեղադրեն Իսրայելին, Թուրքիային, անգամ Բելառուսին, Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ իրեն․․․ Իհարկե, ստորագույն ծրագիրը մասամբ կատարվեց․․․ Արցախը մեր ձեռքից խլեցին, բայց հայ ժողովրդին չկարողացան համոզել, որ Արցախը կորցվել, «վաճառվել» է Հայաստանի իշխանությունների կողմից․․․ Այստեղ ռուսական ու նրանց հայաստանյան պրոպոգանդան ու հիբրիդային զորքերը չկարողացան խոշոր առումով պատկեր փոխեն․․․

Այսօր Հետքը հրապարակել է մի փայլուն հետաքննություն (https://hetq.am/hy/article/176396), որը նրա հետաքննող լրագրողները իրականացրել են իրենց գործընկեր Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) և «Բյուրո Մեդիա»-ի հետ համատեղ։ «Բյուրո Մեդիա»-ն հիմնել են վտարանդի բելառուս լրագրողներ, որոնց ձեռքում հայտնվել են զենք արտադրող բելառուսական «Տետրաէդր» մասնավոր ընկերությունից արտահոսած էլեկտրոնային նամակներն և ներքին զեկույցները, որոնք նկարագրում են, թե ինչպես է Բելառուսն օգնել Ադրբեջանին թարմացնել իր հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը:

Հետքի լրագրող Վահե Սարուխանյանի ու նրա բելառուս գործընկեր Ալեքսանդր Յարոշեւիչ համատեղ հետաքննությունում մասնավորապես ասվում է․

««Տետրաէդրի» ներքին զեկույցներից մեկում նշվում է, որ Ադրբեջանի թարմացված ՀՕՊ համակարգերը «ակտիվորեն կիրառվել են» 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ: Զեկույցում ասվում է, որ «Պեչորա-2ՏՄ» զենիթահրթիռային համալիրները (սրանք խորհրդային «Ս-125» համալիրի՝ «Տետրաէդրի» կողմից մոդեռնիզացված տարբերակն են) խոցել են հայկական 11 ԱԹՍ: Ըստ այդմ՝ խոցումները կատարել են 3 (խոցել է 3 հատ ԱԹՍ), 2 (խոցել է 2 հատ ԱԹՍ), 28 (խոցել է 3 հատ ԱԹՍ) եւ 11 (խոցել է 3 հատ ԱԹՍ) գործարանային համարներով համալիրները:

Բելառուսական ընկերությունից արտահոսած փաստաթղթերը ցույց են տալիս, որ «Տետրաէդրը» ադրբեջանցի գործընկերների հետ 2006-2020 թթ. առնվազն 16 պայմանագիր է ստորագրել: Դրանք վերաբերել են գույքի առքուվաճառքին/մատակարարմանը եւ ծառայությունների մատուցմանը: Պայմանագրերից երկուսը, որոնք ստորագրվել են 2017 թ. դեկտեմբերի 26-ին եւ վերաբերել են «Պեչորա-2ՏՄ»-ի տեխնիկական սպասարկմանն ու ընթացիկ վերանորոգմանը, արժեցել են ընդհանուր 13,3 մլն դոլար: Ընդ որում՝ դրանից առաջ՝ 2017-ի հոկտեմբերին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկ էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:»

Հետքի հետաքննությունը փայլուն ցուցադրում է, թե ինչպես է իրականացվել ռազմատեխնիկական գործարքն ու բելառուսական մահաբեր սպառազինության մատակարարումն Ադրբեջանին օֆշորային գոտում գրանցված ադրբեջանական ընկերության միջոցով․․․

Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունները չափազանց հստակ գիտեն, թե ում տեսակետներն է ներկայացնում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և երբեմն նրա շուրթերով ո՞վ է խոսում Հայաստանի դեմ․․․ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու հասարակությունը չափազանց հստակ գիտեն, թե ինչպիսի նշանակալի աջակցություն է ցուցաբերել Բելառուսն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Ադդրբեջանին՝ Արցախը բռնազավթելու համար։ Ըստ այդ, ոչինչ այլևս գաղտնիք չէ և նման ամեն մի հետաքննություն այլևս հաստատում է այն, ինչ Հայաստանում ու նրանից դուրս գիտեն շատերը․․․

Այս ամենն է եղել ու հանդիսանում պատճառը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն խոստացավ, որ այլեւս չի այցելի ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկեր Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն այդ երկրի ղեկավարն է, իսկ երկու երկրների հարաբերությունները մնում են լարված․․․

Ու ամեն անգամ, երբ հետին թվով հրապխարակվում են հայտնի դարձած փաստեր, ապացույցներ ընդդեմ Հայաստանի ու Արցախի Ադրբեջան-Բելառուս ռազմաքաղաքական սերտ համագործակցության մասին, հիշում ես, որ «արցախահայերի վերադարձի համար» աղեկտուր «պայքարող» Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ. Կաթողիկոսը, նույն ինքը՝ Կտրիճ Ներսիսյանը հանդգնեց այս ամենի խորապատկերին գնալ Բելառուս, երբ Հայաստանում առկա էր համաժողովրդական կոնսենսուս իշխանության դիրքորոշումների հետ՝ չգնալ Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է ու քանի դեռ նա հրապարակավ ներողութուն չի խնդրել հայ ժողովրդից ու Հայաստանի հասարակությունից իր դավաճանության ու ստոր արարքի համար․․․

Ու այսքանից հետո թող ոչ մեկ չասի, թե Եկեղեցին դարձավ կամ դարձրին ժողովրդի մի ստվար հատվածի թիրախ «Արցախն ու արցախահայերի վերադարձի իրավունքը պաշտպանելու համար»․․․

Ժողովուրդը ցավը ու դրա համար մեղավորներին ուղղակի չի մոռացել, չի ներել․․․ Իսկ մեր Եկեղեցին չի դարձել ու երբեք չի դառնա ժողովրդի թիրախ, բայց, այ, նրա մի քանի սպասավորներ, այդ թվում Կտրիճ Ներսիսյանը թքած են ունեցել Արցախի զավթման գործում Բելառուսի ունեցած մեծագույն ավանդի մեջ ու Պուտինի հանձնարարությամբ մեկնել են Բելառուս․․․ Սա չի ներվում ու չի ներվի․․․

Ահա և ամբողջ ճշմարտությունը»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ