![]()
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մրցանակների հանձնման արարողությունը:
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, բնական գիտությունների զարգացման, տեխնիկական գիտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների, արվեստի, բժշկագիտության, ֆիզիկայի, գրականության, դասական երաժշտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի համահիմնադիր, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը:
Շնորհավորելով մրցանակակիրներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է.
«Այսօրվա այս արարողությունը հերթական վկայությունն է այն բանի, որ աշխատանքը, գիտելիքը, ծառայությունը, վաստակը և նվիրումը երբեք չեն կորցնում իրենց արժեքը: Դրանք միշտ ունենալու են իրենց գնահատականը:
Սիրելի մրցանակակիրներ և դափնեկիրներ, Շնորհավորելով ձեզ իսկապես վաստակած պարգևների համար, ցանկանում եմ նշել, որ դուք պետականության լավագույն կրողներն եք և նրա լավագույն պաշտպանները՝ յուրաքանչյուրդ ձեր տեղում, ձեր աշխատանքում, ձեր ծառայության մեջ: Դուք ձեր գործն անում եք պատասխանատվության խորին ըմբռնումով, առանց թմբկահարության, առանց բարձրաձայնելու՝ հասկանալով, որ կարևորը արդյունքն է, գիտակցելով ձեր արածի և անելիքի անհրաժեշտությունը մեր հասարակության համար, այսինքն՝ Հայրենիքի համար:»
![]()