![]()
Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ եւ հաղթել է ժողովրդավարությունը, դա ամենակարեւորն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված ՔՊ կուսակցության թեկնածուի պարտությունը Աբովյան քաղաքում:
«Ինչ վերաբերվում է ՔՊ թեկնածուի պարտությանը. մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն:
Եթե հիշում եք՝ հեղափոխությունից առաջ երկար տարիներ ամենաառաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը:
Այնպես որ ՀՀ-ն եւս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրեց, որ ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիները իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները եւ իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում՝ իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար: ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն»,- ասաց վարչապետը:
Դիտարկմանը, թե Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընտրությունների ժամանակ լծակներ է օգտագործել, ճնշում բանեցնելու նպատակով քրեական գործեր են հարուցվել, վարչապետը արձագանքեց.
![]()
«Քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններ պիտի որ լինեն, պիտի քրեական գործերի բովանդակությունն իմանաք եւ համոզված լինեք, որ մեկը մյուսի հետ որեւէ կապ չունի»։
![]()