![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Հաճելի չէ, երբ մարդ են դատում։ Ավելի արտառոց է, երբ հոգևորական մարդ են դատում, որը ավանդաբար ասոցացվում է խղճի, հավատի մարդու հետ ու ում սրբազան են ասել։
Երբ անցած տարիներին համացանցը քանիցս եռում էր Միքայել Աջապահյանի սկանդալային, հակաժողովրդավարական հայտարարություններից, այսօրվա նրա պաշտպանները չէին խառնվում քննարկումներին, կողքից խնդմնդում էին։ Չէին տարակուսում, թե ինչպես կարող է հոգևորականը ռազմական հեղաշրջման կոչ անել, այն էլ՝ հեռուստաեթորում, որը Սահմանադրությամբ արդեն իսկ հանցագործություն է, քանի որ ռազմական հեղաշրջման ճանապարհով ընտրված իշխանության տապալումը իշխանության ուզուրպացիա է՝ յուրացում։
Այսօր նրա դատի վերաբերյալ կարդացածս գրառումներում կրկին խնամքով շրջանցվում է այդ փաստը ու սրտակեղեք, աղիողորմ բանահյուսություն է նրա խրոխտ բառերի վերաբերյալ․․․
Իսկ մենախոսության մեջ ասել է՝ ինձ թուրքը չկարողացավ դատել, այս մեկը չկարողացավ, այն մեկը չկարողացավ, ինձ սրբազանով դիմեք ու չգիտեմ ինչ․․․ Ասես հայ ազգին հերոսական ծառայություններ մատուցած մեկը, ով հետապնդվում է թշնամիների կողմից, այսօր «հանիրավի» դատարանում է․․․
Ասես՝ չի խոսել սահմանադրական կարգը տապալելու մասին, ժողովրդաիշխանությունը վտանգելու մտադրություններ չի հայտնել․․․ Հա ի՞նչ է արել, որ․ ճոռո ճոռո խոսել է, ինչպես որոշ հայեր են անում․․․ Հո՞ դրանից Սահմանադրության մազը չծռվեց․․․ Հո՞ դրա համար չեն դատում,- աչուկները կլորացրած հարցնում են․․․
Հարգելիներս․ մեկընդմիշտ հիշեք․ հայտարարությունները նույնպես կարող են լինել հանցավոր՝ անկախ նրանից, հասցրել են դա իրականացնել, թե կանխվել է․․․
Ու Եկեղեցու մասին վաղ պետք էր մտածել, երբ հոգևոր ծառայողի նկատմամբ հանրային ակնածանքի, վստահության, անձեռնմխելիության փաստից ոգևորված թևերը քշտել ու մտել էին քաղաքականություն․․․ Էլի մտնեին․ բայց սքեմը հանելուց հետո ու առանց հակասահմանադրական, հակապետական հայտարարությունների ու առանց «Սրբազան» տիտղոսի․․․
![]()