Վաշինգթոնյան հռչակագրի 3-րդ կետի հայկական տարընթերցումների շուրջ.Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Վաշինգթոնյան հռչակագրի 3-րդ կետի հայկական տարընթերցումների շուրջ
Շարունակվում են տարընթերցումները օգոստոսի 8-ին Վաշինգթոնում ստորագրված եռակողմ՝ ԱՄՆ, Հայաստան, Ադրբեջան շրջանակային հռչակագրի 3-րդ կետի շուրջ, որը վերաբերում է հաղորդուղիների ապաշրջափակմանը։
Մեջբերենք այն ամբողջությամբ /վարչապետի կայքէջում տեղադրված թարգմանությամբ/
«3․ Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։»
Ուշադրություն դարձնենք, որ կետը վերաբերում է «ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացմանը», որի խորապես հասկանալը էական է տարբեր մակարդակներում սպասվող զարգացումները պատկերացնելու համար։ Կատեգորիալ առումով այն երկու երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի համար սահմանում է
1․ «ներպետական փոխադրումներ», եթե դրա համար պահանջվի ելումուտ մյուս երկիր,
2․»երկկողմ փոխադրումներ», այն է՝ զուտ երկրից-երկիր՝ Հայաստանից Ադրբեջան և հակառակը, փոխադրումներ,
3․ «միջազգային փոխադրումներ», երբ արևելքից ու արևմուտքից այլ միջազգային փոխադրումներ պետք է հատեն Հայաստանի ու Ադրբեջանի տարածքը՝ օգտագործելով առկա և կառուցվելիք հաղորդուղիները
Այս բոլոր կատեգորիաներին պատկանող փոխադրումները, ինչպես ամրագրված է, պետք է հենվեն «պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա»։ Ասել է թե՝ որևէ կատեգորիայի բեռնա- և ուղևորա- փոխադրման դեպքում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում չի կարող խախտվել տվյալ երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։
Եթե տարածքային ամբողջականության հարցը համընդհանուր հասկանալի է, թերևս տարբեր հարցադրումներ ու մեկնաբանություններ արվում են հատկապես ինքնիշխանության ու իրավազորության հետ կապված, քանի որ հռչակագրի 4-րդ կետն ու դրան վերաբերող ապագայում ստորագրվելիք պայմանագիրը վերաբերում են Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելուն։ Դրա հետ կապված միայն հակիրճ նշենք, որ ինչպես ամրագրված նպատակն է խոսում, Հայաստանում գրանցված և Հայաստանի օրենսդրության շրջանակներում գործող հայ-ամերիկյան ընկերությանը տրվելու է Թրամփի հաղորդուղու համար միասնաբար որոշված վայրում կամ վայրերում ենթակառուցվածքներ (ամտոմայրուղի, երկաթուղի, մալուխներ, գազամուղ-նավթամուղեր) կառուցելու և զարգացնելու, այդ նպատակով միջազգային ներդրումներ ներգրավելու բացառիկ իրավունք։
Եվ ահա, կրկին վերադառնալով երրորդ կետի՝ հաղորդուղիների ապաշրջափակման հիմքում ընկած 2 սկզբունքներին՝ ինքնիշխանությանն ու իրավազորությանը, դրան էլ հավելած TRIPP-ի համար սահմանվածին, այդ ամենը նշանակում է, որ թե՛ ՀՀ ինքնիշխան սեփականության իրավունքը, թե՛ նրա օրենսդրությունը տարածվելու է այդ բոլոր կատեգորիաների փոխադրումների ու դրանց ենթակառուցվածքների վրա, այն է՝ սահմանային ու մաքսային վերահսկողություն, իրավապահ մարմինների ու պետական ու համայնքային այլ ծառայությունների գործառույթներ։
Սա հատուկ ընդգծվում է, քանի որ 3-րդ կետի երկրորդ նախադասությունը որպես թե՛ ներպետական, թե՛ երկկողմ, թե՛ միջազգային փոխադրումների մասնավոր դեպք, ներառում է «Նախիջևան-հիմնական Ադրբեջան» ուղին, դրա համար օգտագործելով «անխոչընդոտ հաղորդակցություն» եզրույթը, որը ոմանք մեկնաբանում են ալիևյան վերջին պահանջի՝ «ադրբեջանցի ուղևորները չպետք է տեսնեն հայ սահմանապահների ու մաքսավորների երեսը» իմաստով։ Մինչդեռ անխոչընդոտ չի նշանակում անսահմանապահ կամ անմաքսավոր, ավելի ստույգ՝ նույնիսկ ֆիզիկական մարդու փոխարեն ժամանակակից տեխնիկական միջոցների օգտագործելու դեպքում դա չի ենթադրում առանց տվյալ երկրի «սահմանային կամ մաքսային վերահսկողության»։ Այնպես որ՝ «անխոչընդոտ» բառը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել այնպես, թե իբր ներպետական, երկկողմ կամ միջազգային փոխադրումները դուրս են լինելու Հայաստանի սահմանապահ, կամ մաքսային, կամ իրավապահ մարմինների վերահսկողությունից։ Կրկնվենք, այդ ամենը առաջին հերթին բխում է փոխադրումների համար ամրագրված երեք սկզբունքներից՝ ինքնիշխանություն, իրավազորություն և տարածքային ամբողջականություն, բացառելով էքստրատերետորիալ միջանցքի որևէ տրամաբանություն թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում։
Եվ վերջապես, ինչպես 3-րդ կետի երկրորդ նախադասությունն է ի մասնավորի առանձնացնում Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, որից վերոնշյալ պայմաններով կարող են օգտվել առաջին հերթին Ադրբեջանը, բայց ոչ պակաս չափով նաև՝ Հայաստանը, քանի որ նախադասության մյուս հատվածում ասվում է՝ «Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։ Չնայած նախադասության մի փոքր բարդությանը, պարզ լեսվով ասած դա նշանակում է հետևյալը՝ եթե Ադրբեջանը կարիք ունի Հայաստանի տարածքով կապվել Նախիջևանի հետ, իսկ Հայաստանը՝ Նախիջևանի/Ադրբեջանի/ տարածքով իր մեկ այլ հատվածի, օրինակ՝ Սյունիքի հետ, ապա դա տեղի է ունենում «փոխադարձության սկզբունքով» ու նույն «առավելություններով», որոնք կսահմանվեն դրանց համար։ Այսինքն, եթե Հայաստանը պարզեցնի իր տարածքով Ադրբեջանի հաղորդակցությունը Նախիջևանի հետ, նույնը պարտավոր է նրա համար անել Ադրբեջանը՝ Նախիջևանի տարածքով հյուսիսային ու կենտրոնական Հայաստանի հաղորդակցությունը հարավի՝ Սյունիքի հետ ապահովելու համար։
Սա է փոխադարձության սկզբունքը ընդհանուր առմամբ։ Երբեմն հանդիպում են մեկնաբանություններ ու ակնարկներ, որոնք վերաբերում են նրան, որ եթե Հայաստանի տարածքով Ադրբեջանի համար այդ անխոչընդոտ հաղորդակցության երաշխավորումն ապահովվելու է հայ- ամերիկյան կազմակերպությամբ, ապա նույն տրամաբանությամբ էլ Ադրբեջանի տարածքում փոխադարձությունը պետք է ենթադրի նույնի ապահովում ադրբեջանա-ամերիկյան ընկերության միջոցով։ Որքան էլ դա մեր համար քաղաքական ու հոգեբանական առումով էական ու ցանկալի լինի, այդուհանդերձ, փոխադարձության սկզբունքը չի վերաբերում անխոչընդոտ հաղորդակցության ապահովման միջոցներին, այլ իրավական ռեժիմներին՝ ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականություն։ Համաձայնեցված 4-րդ՝ փոխադարձության սկզբունքը սոսկ ասում է, որ այն իրավական ռեժիմը, որը գործելու է Ադրբեջանում առկա ճանապարհների համար, նույն իրավական ռեժիմը պետք է գործի նաև Հայաստանում առկա ճանապարհների համար, եթե իհարկե, կողմերը փոխադարձաբար այլ պարզեցումների ու առավելությունների սահմանման չեն գնում, այն էլ՝ երկուստեք։
Ձեր համար՝
Ստյոպա Սաֆարյան
ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ