![]()
Լրագրող Ռոբերտ Անանյանը գրում է.
Մոսկվան վերջին հուսահատ ճիչերն է արձակում՝ Վաշինգտոնում Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման դեմ։ Իրականում, Ռուսաստանը ջախջախվում է Հարավային Կովկասում, և փորձելով չընդունել սեփական ռազմավարական պարտությունը՝ անզոր աղաղակում է։ «ԱՄՆ-ում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպման շրջանակում նախատեսված պայմանավորվածությունները չեն համապատասխանում պաշտոնական Երևանի շահերին», ասել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև նախաստորագրվելիք խաղաղության համաձայնագրի պայմանները։
«Սա ոչ մի կերպ չի կարող օգտակար լինել Հայաստանի համար, եթե, իհարկե, խոսքը անձամբ Փաշինյանի մասին չէ, քանի որ նա չի մտածում ազգային շահերի տեսանկյունից: Նա փորձում է Հայաստանը և իրեն ինտեգրել արևմտյան աշխարհին՝ միաժամանակ հրաժարվելով ազգային շահերից։ Սա, իհարկե, համապատասխանում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերին», — ասել է Զատուլին։ Նա ասել է, որ եթե խաղաղ կարգավորման միջնորդության գինը «Զանգեզուրի միջանցքի» հանձնումն է ԱՄՆ վերահսկողությանը, ապա դա սպառնալիք կդառնա Իրանի համար։
«Սա, անշուշտ, Միացյալ Նահանգների և որոշ չափով նաև Իսրայելի շահերից է բխում, քանի որ «Զանգեզուրի միջանցքը» և Ադրբեջանի ու Թուրքիայի միավորումը, իհարկե, սպառնում են ոչ միայն մեզ, այլև Իրանին», — ասել է պատգամավորը։
Ըստ էության, սրանք այն քարոզչական այն թեզերն են, որոնք շահարկելով՝ Մոսկվան փորձում է վաշինգտոնյան գործընթացի դեմ դիմադրություն առաջացնել Հայաստանում և Իրանում։ Ռուսաստանն այլևս գործոն չէ Հարավային Կովկասում, և Կրեմլի հույս այն է, որ Իրանը հուժկու կընդդիմանա հայ-ամերիկյան կոնսորցիումի ստեղծմանը, որը պետք է ստեղծի ենթակառուցվածքներ և կառավարի դրանք։ Այդ է պատճառը, որ Զատուլինը փորձում է ներկայացնել, թե ռեգիոնալ ապաշրջափակումն սպառնալիք է Իրանի համար, քանի որ դրանից շահում են Իսրայելը, Թուրքիան, ԱՄՆ-ն և Ադրբեջանը։
Զատուլինը փորձում է Իրանին դուրս բերել այս պրոցեսի դեմ՝ կեղծ նարատիվներ քարոզելով, թե Իրանը հյուսիսից շրջափակվելու է ԱՄՆ-ի, Իսրայելի, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Իհարկե, Զատուլինը գործում է՝ ինչպես սովորական կրեմլյան պրոպագանդիստ, ում նպատակը Իրանի և Հայաստանի միջև գժտություն և վեճ առաջացնելն է՝ ձախողելու այս գործընթացը։ Փաստն այն է, որ Ռուսաստանը դուրս է մղվում ապաշրջափակման գործընթացից և նրա տեղն զբաղեցնում է ԱՄՆ-ն։ Ռուսաստանը ակնկալում էր 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ Սյունիքի ճանապարհի երկայնքով տեղակայել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության զինծառայողների։
Սակայն Հայաստանը բոյկոտեց հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հանձնաժողովի աշխատանքը։ Եվ ի վերջո, Հայաստանը համաձայնության եկավ ԱՄՆ-ի հետ՝ ստեղծելու հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն, որը կստեղծի ենթակառուցվածքներ և կկառավարի դրանք։ Սա Ռուսաստանի հերթական ռազմավարական տապալումն է ռեգիոնում։ Ռեգիոն է գալիս ԱՄՆ-ն, որը կզսպի Ռուսաստանի ապակառուցողական դերը։ Ես առանձին կգրեմ, թե ինչպիսի նոր ռեգիոնալ իրադրություն է ստեղծվում ԱՄՆ-ի ներգրավմամբ խաղաղության հասնելու և տնտեսական գործակցության նախագծերի միջոցով։
Զատուլինը նաև փորձում է ներկայացնել, թե Հայաստանի ապաշրջափակման այս նախագիծը չի բխում Հայաստանի և հայ ժողովրդի շահերից, այլ թե իբր այն ձեռնտու է միայն թուրքիային և Ադրբեջանին։ Նա պարզունակ քաղտեխնոլոգիա է կիրառում՝ մանիպուլացնելու հայ ժողովրդի ունեցած անվտանգային վախերը թուրքերից և ադրբեջանցիներից։ Զատուլինի նպատակը հայ ժողովրդին մոլորեցնելն է։
Թուրքիան և Ադրբեջանը պատժել են Հայաստանին՝ փակելով նրա սահմանները։ Պարզ հարց եմ տալիս՝ եթե այդ սահմանները կրկին բացվում են հայկական պետական կառույցների վերահսկողության ներքո, ինչպե՞ս կարող է դա վնասակար լինել Հայաստանի համար։ Դուք նախկինում ունեիր երկու պատուհան՝ առևտրի, բեռնափոխադրումների, տեղաշարժի համար։ Այս պրոցեսի շնորհիվ ունենում ես չորս պատուհան՝ երկուսի փոխարեն։ Ինչպե՞ս կարող է սա Հայաստանի շահերի դեմ լինել։
Ռուսաստանի հերթական ջախջախման հետ գործ ունենք։ Պուտինյան Ռուսաստանը ռազմավարական պարտություն է կրում Հարավային Կովկասում, և նրա ունեցած ավանդական ազդեցության տարածքը անցնում է ԱՄՆ-ի պատասխանատվության տակ։ Ռուսաստանը վայելում է այն քաղաքականության պտուղները, որն ինքը սկսեց՝ 2020 թվականի պատերազմում բռնելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմը, նրանց հետ կնքելով դաշինք ընդդեմ Հայաստանի։
Երևանն այսօր ԱՄՆ-ի միջնորդությամբ ուղիղ երկխոսության է գնում Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ թույլ չտալով Ռուսաստանին՝ հայկական շահերի անունից բանակցել նրանց հետ և վաճառել հայկական շահերը նրանց։ Բնական է, որ Ռուսաստանը պետք է դեմ լինի այս պրոցեսին։
![]()