Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները և ենթակառուցվածքները գտնվելու են ՀՀ իրավազորության տակ. Գրիգորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը անդրադարձել է առաջիկա ժամերին սպասվող իրադարձություններին և դրա շուրջ շահարկումներին:

«Սուտ, կեղծիք ու մանիպուլյացիա է, թե Հայաստանը համաձայնել է կամ կհամաձայնի որևէ «միջանցքային» լուծման:

Ճշմարտությունն է.

Հայաստանը կգնա պայմանավորվածության, որը կներառի մշտապես մեր կողմից հրապարակային հնչած սկզբունքները, այն է՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության հիման վրա, փոխադարձության սկզբունքով ապաշրջափակում:

Այսինքն՝ ցանկացած ենթակառուցվածք, որը կանցնի ՀՀ տարածքով, գործելու է ՀՀ օրենսդրության համաձայն:

Նաեւ, փոխադարձությունը ենթադրում է, որ եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, ապա բացվում են նաև Հայաստանի համար:

Շեշտում եմ, Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները, այլ ենթակառուցվածքները գտնվելու են ՀՀ իրավազորության տակ, ՀՀ օրենսդրությանը լիարժեք համաձայն:

Ով ասում է հակառակը, կամ տեղեկացված չէ, կամ աշխատում է ընդդեմ Հայաստանի: Երրորդ տարբերակ չկա»,- գրել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։

Նշենք, որ օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առանձին հանդիպումը:

Դրան կհաջորդի Թրամփի ու Ալիևի հանդիպումը, իսկ այնուհետև ՀՀ ժամանակով 00:00-ին կմեկնարկի Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը:

Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ