Ինչ է ներառվելու պայմանավորվածություններում, որոնց պատրաստ է գնալ Հայաստանը. Ռուբինյանը մանրամասնել է

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է առաջիկա ժամերին սպասվող իրադարձություններին ու դրանց շահարկումներին:

Ռուբինյանի խոսքով՝ ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է՝

Ապաշրջափակում՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա, այսինքն՝ մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն:
Ապաշրջափակում՝ փոխադարձության հիման վրա: Այսինքն, եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար՝ փոխադարձ առավելություններով:
«Սա է ճշմարտությունը: Դրսից ու դրսից հրահանգված ներսից հնչող վնգստոցներին ուշադրություն դարձնել պետք չէ: Իսկ անկեղծ մտահոգությունները, հավելյալ պաշտոնական տեղեկություններ լինելուց հետո, վստահաբար, կփարատվեն»,- գրել է Ռուբինյանը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։

Նշենք, որ օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առանձին հանդիպումը:

Դրան կհաջորդի Թրամփի ու Ալիևի հանդիպումը, իսկ այնուհետև ՀՀ ժամանակով 00:00-ին կմեկնարկի Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը:

Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ