![]()
Ամերիկյան հեղինակավոր Axios պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօրվա՝ Սպիտակ տանը կայանալիք հավաքը՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ որակել է «պատմական խաղաղության գագաթնաժողով»՝ իրեն ներկայացնելով որպես համաշխարհային գլխավոր խաղաղարար։
Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքվելիք համաձայնագիրը նախատեսված է խաղաղություն ապահովելու համար, բայց նաև ունի զգալի տնտեսական բաղադրիչ։ Հայաստանը համաձայնել է թույլատրել իր տարածքով 43.5 կմ երկարությամբ հաղորդուղու անցկացում, որը կմշակվի ԱՄՆ-ի կողմից և կկոչվի «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի»։
Հանգույցը, ըստ պարբերականի, թույլ կտա, որ մարդիկ և ապրանքները տեղաշարժվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև և դրանից այն կողմ՝ դեպի Կենտրոնական Ասիա՝ առանց Իրանի կամ Ռուսաստանի միջով անցնելու։
«Սա ներկայումս հնարավոր չէ, քանի որ հայ-ադրբեջանական սահմանը փակ է։ Ապաշրջափակումով ամերիկացիները տարեկան միլիարդավոր դոլարներ կշահեն նոր առևտրից։ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կորցնում են իրենց ազդեցությունը աշխարհի այն մասում, որ նրանք համարում էին իրենց սեփական տիրույթը»,- նշում է պարբերականը։
Թրամփի վարչակազմի մասնակցությունը հակամարտությանը սկսվել է մարտին, երբ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Մոսկվայից անսպասելի այցով ժամանեց Բաքու:
Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ Ուիթքոֆը ուղևորությունը կատարել է Կատարի կառավարության խնդրանքով, ինչը նրան դրդել է փորձել գործարք կնքել:
Ուղևորությունից հետո Ուիթքոֆն իր թիմում հատուկ պետական ծառայող Արիա Լայթսթոունին հանձնարարել է ղեկավարել դիվանագիտական ջանքերը: Լայթսթոունը հինգ ուղևորություն է կատարել տարածաշրջան՝ կողմերի հետ բանակցելու համար:
Լայթսթոունը Իսրայելում այն ժամանակվա դեսպան Դեյվիդ Ֆրիդմանի գլխավոր օգնականն էր «Trump 1.0» ծրագրում և մտերիմ է Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ:
Ինչպես է դա տեղի ունեցել. Թրամփի վարչակազմը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է այն միտքը, որ համաձայնելով ԱՄՆ-ին թույլ տալ զարգացնել տարանցիկ հաղորդուղին՝ նա ձեռք կբերի ընկեր Վաշինգտոնում և հզոր բուֆեր՝ ընդդեմ Ադրբեջանի հնարավոր ցանկացած ներխուժման»,- գրում է պարբերականը։
![]()