![]()
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը Նիկոլ Փաշինյանը գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է ԱՄՆ-ում, «Ֆեյսբուք»-ի իր էջում զգուշացրել է սպասվող ապատեղեկատվության և շահարկումների մասին:
«Սիրելի՛ բարեկամներ, առաջիկա ժամերին ու օրերին փորձ է արվելու հերթական ապատեղեկատվության և շահարկումների միջավայրը ստեղծել լրատվական դաշտում: Դա անելու են հիմնականում այն մարդիկ, կայքերը ու ֆեյքերը, որոնց որևէ կանխատեսում նախկինում չի իրականացել: Դրանց բոլորին դուք արդեն լավ ճանաչում եք, հետևաբար այս ստատուսն էլ իզուր եմ գրում:
Չէ, իզուր չէ՝ սպասե՛ք բացառապես պաշտոնական տեղեկատվության և մեկնաբանությունների: Հնարավորության դեպքում դրանք առաջիկայում կհայտնվեն ձեր տեսադաշտում՝ կայքերում, սոցցանցերում և այլն:
Խաղաղություն լինելու է, պատերազմ չի լինելու»,- գրել է Հարությունյանը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։
Նշենք, որ օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:
Դրան կհաջորդի Թրամփի ու Ալիևի հանդիպումը, իսկ այնուհետև՝ ՀՀ ժամանակով 00:00-ին կմեկնարկի Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը:
Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
![]()