![]()
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, հավատարիմ մնալով «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ուղղություններին, հայտարարում է «ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ» կրթաթոշակային ծրագրի առցանց հայտադիմումների ընդունման մասին։
Այս մասին հայտնել է հիմնադրամը:
«Ծրագիրը նպատակ ունի դեպի կրթություն վերադարձնել այն քաղաքացիներին, որոնք տարբեր սոցիալական, ընտանեկան կամ անձնական պատճառներով առնվազն հինգ տարի ուսումնական դադար են ունեցել։ «ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ»-ի միջոցով հիմնադրամը վերաիմաստավորում է կրթության արժեքը՝ այն դարձնելով ոչ միայն հնարավոր, այլև իրական ճանապարհ՝ անձնական և մասնագիտական զարգացման համար։
Կրթաթոշակային ծրագրի շահառուները կարող են ուսումը շարունակել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հավատարմագրված բուհերում կամ միջին մասնագիտական կրթական հաստատություններում՝ առկա կամ հեռակա ձևաչափով։
Կրթաթոշակին կարող են դիմել 23 տարին լրացած այն անձինք, որոնք ունեն առնվազն հինգ տարվա ուսումնական դադար առանց առավելագույն տարիքային սահմանափակման։ Առաջնահերթ ուշադրության կարժանանան տարբեր խոցելի խմբեր, ինչպիսիք են՝
Երեխաների խնամքի նպատակով ուսումը դադարեցրած ծնողներ։
Միայնակ ծնողներ։
Նախկին դատապարտյալներ։
Հաշմանդամություն ունեցող անձինք։
Տեղահանված հայրենակիցներ։
Պարտադիր զինվորական ծառայության կամ մարտական գործողություններին մասնակցելու պատճառով չավարտած կամ չսկսած անձինք։
Ծրագրի շրջանակում աջակցությունը կներառի՝
Ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում՝ հիմնված ուսանողի «Միջին որակական գնահատականի» (ՄՈԳ) և սոցիալական ցուցանիշների վրա։
Ընդունելության նախապատրաստական դասընթացների ծախսերի փոխհատուցում։
Մարզային դիմորդների կեցության աջակցություն Երևանի ուսումնական հաստատություններում սովորելու դեպքում։
Բարձր առաջադիմությամբ ուսանողների համար կրթաթոշակ՝ հաշվի առնելով նաև ուսանողի հասարակական ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը։
Ուսումնական նյութերի, գրենական պիտույքների, մասնագիտական գրականության և անհրաժեշտ տեխնիկական միջոցների տրամադրում։
Խորհրդատվական և մենթորական ուղեկցում ուսման ողջ ընթացքում։
Այս նախաձեռնությամբ «Իմ քայլը» հիմնադրամը երկրորդ շնչով բացում է կրթության դուռը բոլոր նրանց առաջ, ովքեր նախկինում տարբեր պատճառներով դուրս էին մնացել այդ ճանապարհից՝ անկախ տարիքից, նախկին փորձառությունից կամ սոցիալական դրությունից։ Այժմ ճիշտ պահն է տալու ձեր կյանքի «Նոր մեկնարկ»-ը։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով՝ https://forms.gle/hj8pGTJKP5Q4AM7v7
Հարցերի կամ մանրամասների համար կապ հաստատեք մեզ հետ`learningistrendy.scholarship@gmail.com
+374 98 445881»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()