Ռոմանոս Պետրոսյանն ու Շիրակի մարզպետը ՀԷՑ ՇՄ «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին են ներկայացրել Սարիկ Մինասյանին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին է ներկայացրել մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանին։

Ինչպես հայտնել են մարզպետարանից, Ռոմանոս Պետրոսյանը և Դավիթ Առուշանյանը շնորհավորել են Սարիկ Մինասյանին՝ պատասխանատու աշխատանքում նշանակվելու համար։

Շիրակի մարզպետը կարևորել է համակարգում արված փոփոխությունները, Սարիկ Մինասյանին մաղթել բեղմնավոր աշխատանք և ձեռքբերումներ:

«Այն փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի էլեկտրական ցանցերում, արվում է միայն ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ մեր մարզի։ Ես դեռ Ազգային ժողովի պատգամավոր եղած ժամանակ մի քանի քննարկումների եմ մասնակցել, որոնք առնչվել են համակարգում առկա խնդիրներին և բողոքներին։ Պարոն Մինասյանը, վստահ եմ, ջանք ու եռանդ չի խնայելու հնարավոր թերացումները բացառելու, առկա խնդիրներին օր առաջ լուծում տալու համար։ Հաջողություններ ու բարի աշխատանք եմ մաղթում»,- ասել է նա։

ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի նորանշանակ ղեկավար Սարիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ առկա խնդիրներն օր առաջ լուծելու նպատակով։

Ավելի վաղ Սարիկ Մինասյանը սոցցանցի իր էջում հայտնել էր նոր պաշտոնի ստանձնման մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ