![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մեկնաբանություն է հրապարակել՝ կապված Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտի կայացրած որոշման հետ: Սաֆարյանը նոր մանրամասներ է առաջ քաշել:
«Դեռ հավուր պատշաճի չէին ավարտվել ստոկհոլմյան հաղթանակի կապակցությամբ Կարապետյանի ճամբարի հրավառությունները, պարզվեց՝ Ստոկհոլմյան ինստիտուտի արբիտրի կայացրած միջանկյալ միջոցը կատարյալ պյուռոսյան հաղթանակ է Սամվել Կարապետյանի համար։
Ուրեմն, Ստոկհոլմից պահանջել են ՀՀ կառավարությունից չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխություն, չփոխել ՀԷՑ-ի կանոնադրությունը, չնշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, կամ եթե նշանակվել է՝ նրան չլիազորել գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին, չեղյալ չհամարել ՀԷՑ-ի լիցենզիաները, չհայտարարել և չկազմակերպել ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի աճուրդներ, չբռնագրավել կամ չօտարել ՀԷՑ-ի ակտիվները ու որեւէ այլ ձևով չսահմանափակել ՀԷՑ-ի կանոնավոր գործունեությունը:
Ահա՝ թվարկվածներից ոչ մեկ Կառավարությունը չի արել, բացի մեկը՝ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Արբիտրն էլ ասել է՝ «իսկ եթե նշանակվել է՝ նրան չլիազորել գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին»։
Երեկ էլ ՀՀ կառավարությունը ասել է, որ Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը կապ չունի այն քայլերի հետ, որոնք արբիտրը պահանջում է չկատարել, հակառակը՝ այդ նշանակման հետապնդած նպատակներն են
1) միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,
2) հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,
3) ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը»:
Ահա, արբիտրի պահանջները կատարված են․ Կառավարությունը կհարգի արբիտրի միջանյալ միջոցը և չի անի այդ քայլերը, իսկ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կապահովի ՀԷՑ-ի բնականոն գործունեությունն ու կուսումնասիրի չարաշահումները։
Ո՞վ է վճարելու Ռոմանոս Պետրոսյանի բարձր աշխատավարձը․ անշուշտ, Սամվել Կարապետյանը, քանի դեռ նա ՀԷՑ-ի սեփականատերն է։ Իսկ եթե ՀԷՑ-ը շարունակի կառավարիչ համարել նաև Ղազինյանին, ապա Սամվել Կարապետյանը ստիվծա կլինի ամսական վճարել երկու պատկառելի աշխատավարձ․․․
Ավելին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը այսօր Կառավարության նիստից հետո հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը մինչեւ 2034 թվականը հաստատված է եւ սեփականատերը պարտավոր է շարունակել պլանային ներդրումները․․․
Պլանային ներդրումները հաստատված ծրագրով չանելը կհանգեցնի հետևանքների հենց սեփկանատիրոջ համար։ Այդ ներդրումներն անելն էլ այն գիտակցությամբ, որ շուտով զրկվելու ես ռազմավարական ակտիվից՝ անպատկերացնելի զգացողություն է․․․
Ու այս ամենը այն դեպքում, երբ ՀՀ կառավարությունը չի հայտարարել ՀԷՑ-ի պետականացման գաղափարից ետ կանգնելու իր մտադրության մասին, ավելին՝ ժամանակավոր կառավարիչը ՀՀ զինանշանը տարել և փակցրել է ՀԷՑ-ի զինանշանի գլխավերևում․․․
Հիրավի, ստեղծված իրավիճակում որևէ մեկը դեմ չէի լինի ՀԷՑ-ում Ռոմանոս Պետրոսյանի տեղակալը լինելու հեռանկարին»,- գրել է Սաֆարյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են ՀԷՑ-ի գործով Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։
![]()