![]()
Ստյոպա Սաֆարյանը գրում է..
Հայաստանի ռսամեռ ընդդիմությունը ինքն էլ չի հասկանում, թե ինչ մեծագույն ծառայություն է մատուցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Մինչ այժմ ու առավել ևս Թուրքիայում ԱՄՆ դեսպանի կողմից ԱՄՆ առաջարկի մի քանի դետալների /թեկուզև անփույթ/ բարձրաձայնումից հետո սաստկացրել են «Հայաստանի՝ թուրքական վիլայեթացման», ալիևյան «Զանգեզուրի միջանցքի» և այլ նմանատիպ նառատիվներ՝ փորձելով Հայաստանի հասարակությանը համոզել, թե «իշխանությունները Հայաստանը հանում են Ռուսաստանի տակից ու տալիս են Թուրքիային», հետն էլ «միջանցքն են տալիս»․․․
Ու դա անում են՝ «խոր անասունի» /արտահայտության հեղինակը Բագրատ Գալստանյանն է/ տեղ դնելով այն ժողովրդին, որը օրվա լրահոսում կարդում է․
1․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում է, հանդիպել է ԵՄ առաջատար երկրի նախագահի հետ, և Ֆրանսիայից հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության հեռանկարի մասին,
2․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում է, որտեղից ի թիվս այլոց, հայտարարվել է ԵՄ-Հայաստան ռազմավարական գործընկերության նոր օրակարգի ստորագրման, վիզաների ազատականացման գործընթացն սկսելու, Հայաստանին ավելի շատ աջակցություն տրամադրելու մասին, իսկ ԵՄ ղեկավարության կողմից բարձրագույն մակարդակով ողջունվել է վերջերս Հայաստանի ԱԺ կողմից ընդունված ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու օրենքը, առաջիկայում ԵՄ ընդլայնման հանձնակատարն էլ գալու է Հայաստան․․․
3․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանն էլ հայտարարել է, որ առաջարկ են արել Հայաստանին՝ 100 տարով վարձակալելու 32 կիլոմետրանոց ճանապարհը, որի վրա երկաթուղի ու այլ ենթակառուցվածքներ են կառուցելու, որից կարող են օգտվել Թուրքիան, Ադրբեջանը /Բաքուն կարծես թե չպետք է առարկի, որ Հայաստանի տարածքով իր բեռների ու մարդկանց տեղափոխման անվտանգության երաշխավոր հանդես է գալու ամերիկա-հայկական համատեղ միջպետական ընկերությունը/, ՀՀ վարչապետի խոսնակը նրան «լրացրել է», որ դա լինելու է ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության ներքո ու այլ բան չի լինելու, իսկ այս ամբողջը նշանակում է, որ բացվելու է նաև Թուրքիա-Հայաստան սահմանը /որպեսզի նա էլ՝ ԱՄՆ դեսպանի ասած՝ դրանից օգտվի/, միգուցե կբացվի նաև Ադրբեջան-Հայաստան սահմանը /առնվազն Նախիջևանի հատվածից/, ինչպես որ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության խարտիայով էր ԱՄՆ հանձնառություն ստանձնել Հայաստանին հանել շրջափակումից ու միացնել ավելի մեծ շուկաների․․․․
4․ Եվ, ահա, այդ ավելի մեծ շուկան, որին պետք է միացվի Հայաստանը, առաջին հերթին ԵՄ-ն է, որի մաքսային գոտու անդամ է Թուրքիան, իսկ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը հեռանկար է ստանում, եթե ԵՄ մաքսային շուկան սահմանակից է դառնում Հայաստանին, Հայաստանն էլ Թուրքիայի տարածքով ցամաքային կապ է ստանում ԵՄ-ի հետ․․․․
Դուք այստեղ «վիլայեթացում» տեսա՞ք։ Այստեղ առնվազն ընդդիմախոսները կարող են տեսնել Ռուսաստանի «տակից» Հայաստանի հանում ու եվրոպականացում, էլ չասած, որ Վրաստանի ներկայիս իշխանություններն էլ հարևան երկրում հավերժ չեն ու վաղ թե ուշ Վրաստանն էլ Հայաստանի հետ նույն զամբյուղում է լինելու․․․
Հիմա, եթե այստեղ կա ԱՄՆ, ԵՄ, ինչո՞ւ է ռուսամեռ ընդդիմությունը տալիս Թուրքիայի անունը․․․ Այսօրվա Թուրքիան գոնե 30 տարի առաջվա Թուրքիան չէ, որին ԱՄՆ կամ ԵՄ «պատվիրակեին» տարածաշրջանում «նայողի» ու իրենց ներկայացնողի դերը․․․ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին ուղղակի պետք է Հայաստանին հանել շրջափակումից․․․ Դա կենսականորեն պետք է նաև Հայաստանին։
Իսկ ընդդիմությունը ԱՄՆ-ի ու ԵՄ-ի անունը չի տալիս, քանի որ գիտի ա) Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը սկսում է հակվել դեպի եվրաինտեգրում, բ) Թուրքիան մնացել է միակ բոբոն հայ հասարակությանը սարսափացնելու համար, գ) վախենում են ուղիղ տալ ԱՄՆ ու ԵՄ անունը ու դեմ դուրս գալ նրանց ծրագրերին, քանի որ կարող են անգամ այդ երկրների վիզա չստանալ․․․
Բայց մյուս կողմից ռսամեռ ընդդիմադիրները չեն հասկանում, որ մի ժամանակ անց, երբ Ադրբեջանը ստիպված լինի ընդունել ամերիկյան առաջարկն ու ստորագրի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր, ինչպես ԱՄՆ նախագահն է ավետել դրա մոտալուտ լինելու հանգամանքը, ապա Թուրքիան էլ հենց դրան է սպասում, որպեսզի բացի Հայաստանի հետ իր սահմանը, իսկ Բրյուսելում ավելի արագ կընդունվի ԵՄ-ին Հայաստանի անդամակցության որոշումը, ու դա կդառնա երկկողմ երթևեկություն․․․
Այդ դեպքում ռսամեռ ընդդիմության նառատիվների փուչիկը իսպառ փլուզվում է։ Մեկ տարի առաջ նույն հիմարությունն անում էին Տավուշում սահմանագծման ժամանակ, երբ հասարակությանը մանիպուլացնելու համար մերթ ներկայացվում էր, թե Տավուշից գյուղեր են հանձնվում, հետն էլ Սուրբ Աստվածամոր եկեղեցին, և խուսափեցին գոնե ասել, որ միջդիրքային գոտում եղած նախկին ադրբեջանական գյուղերի ու նրանց հարևան հայկական բնակավայրերի միջև սահմանն է հստակեցվում․․․ Արդյունքը փուչիկի պայթյունն էր, երբ պարզվեց, որ 3 գյուղատեղիներից ամեն մեկից առնվազն մի թաղամաս կամ թաղամասիկ /որոշ բնակավայրերում 8 տուն է եղել/ մնացել է Հայաստանին, իսկ բոլոր տեղերում ադրբեջանական գյուղատեղիների գլխավերևում հայտնվել են հայկական դիրքեր ու ամրական շրջաններ, եկեղեցին էլ մերն է եղել ու մնում է․․․
Հիմա նույն հիմարությունն են անում ԱՄՆ ու ԵՄ-ի փոխարեն տալով Թուրքիայի անունը, իսկ քիչ անց հասարակությունը կրկին տեսնելու է, որ իր հետ հաղորդակցության մեջ վարչապետ Փաշինյանն ու իշխանությունն ավելի ազնիվ ու անկեղծ են, մինչդեռ ընդդիմությունը ստախոս է․․․
Որովհետև ստացվելու է հետևյալը․ ԱՄՆ առաջարկություն է արել, Հայաստանը այն «լրացրել է» իր կարմիր գծերով, որոնք պահպանվում են, Ադրբեջանին դեմքը փրկելու տեղ են տվել՝ կհայտարարեն, որ հասան նրան, որ ճանապարհի անվտանգությունը ապոհովելու են ամերիկացիները, ոչ թե հայերը, տրանսպորտային ուղին ուղղակի ֆորմալ «միջանցք են անվանելու», բոլորը դեմքը պահելու են, իսկ, այ, ընդդիմությունը իր վրա կրկին դաջելու է ստախոսի տրաֆարետը․․․
Ու դուք ուզում եք այսպիսի ընդդիմությունը հաղթելու շանս ունենա՞․․․
Նրա միակ տարբերակն այն է, որ բաց տեքստով հայտարարի, որ դեմ է Հայաստանի եվրոպականցմանը, Հայաստանում ԱՄՆ ու ԵՄ դերի ուժեղացմանը, կամ բոլորից, այդ թվում՝ Ռուսաստանից հեռանալն է ու ոչ մեկին չմոտենալը, կամ Ռուսաստանի տակ մնալը։ Այլ տարբերակ ուղղակի չկա։
Հիրավի, ցանկացած իշխանություն կարող էր երազել այսպիսի ընդդիմություն ունենալու մասին․․․
![]()