![]()
Քաղաքական վերլուծաբան Բարդուղ Գալստյանի կարծիքով՝ հայ-ադրբեջանական բանակցություններում ցանկացած ֆորմատ, որն առանց Ռուսաստանի միջնորդության է, ողջունելի է: «Աբու Դաբիում անցկացված հանդիպման մանրամասները չեն բացահայտվել, սակայն կարծում եմ, որ այն իսկապես ԱՄՆ-ի կազմակերպածն էր, և խոսքը վերաբերել է Միջին միջանցքին։ Գոյություն ունի Միջին միջանցքի ամերիկյան տարբերակ, որը պետք է վերահսկվի հենց ԱՄՆ-ի կողմից»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ՌԴ-ն ամեն ինչ անելու է, որ այս տարածաշրջանում իր ազդեցությունը չթուլանա. «ՌԴ-ն շատ լավ հասկանում է, որ իր «դաշնակից» Ադրբեջանն ավելի քիչ կառավարելի է, միակը Հայաստանն է, որն, իր պատկերացմամբ, այս տարածաշրջանում իր քաղաքականության բլոկ-պոստն է։ Հետևաբար ցանկացած միջոց կիրառելու է, որ խանգարի գործընթացներին»։
Գալստյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունները շտապում են, և դա տրամաբանական է. «Կարևոր է այս հարցում նաև Ադրբեջանի դիրքորոշումը։ Ադրբեջանն այսօր որոշ կոնֆլիկտներ ունենալով ՌԴ-ի հետ՝ շարունակում է մտածել, որ ռուսների օգնությամբ կարող է ինչ-որ բան ավելի պոկել։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ այս կոնֆլիկտով բարձրացնում է իր դերը ԱՄՆ-ի ու Եվրոպայի առջև»։
Վերլուծաբանի կարծիքով՝ խաղաղության պայմանագիրը կկնքվի 2026 թվականի ընտրություններից հետո և այն դեպքում, եթե իշխանության չգան պրոռուսական ուժերը։
Խոսելով Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցի մասին՝ Գալստյանը նշում է, որ ակնհայտ են վեկտոր փոխելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քայլերը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
![]()