![]()
Միացյալ նահանգներն առաջարկել է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքի՝ երկու կովկասյան երկրների միջև երկար ժամանակ ձգձգված դիվանագիտական բանակցությունները առաջ մղելու նպատակով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, -գրում է Middle East Eye պարբերականը՝ վերջինիս խոսքերին։
Պարբերականը գրում է, որ չնայած Հայաստանն ու Ադրբեջանը մարտին համաձայնության եկան «Խաղաղության համաձայնագրի» շուրջ, Բաքուն շարունակում է պնդել մի քանի լրացուցիչ պայման՝ նախքան համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելը։ Ադրբեջանը պահանջում է, որ Երևանը փոխի իր Սահմանադրությունը՝ այլ պայմանների հետ մեկտեղ հեռացնելով Ադրբեջանի հանդեպ տարածքային նկրտումները։
Middle East Eye-ի փոխանցմամբ՝ հիմնական խոչընդոտներից մեկը մնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը կապելու է Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով․ «Հայաստանը հրաժարվում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ պնդելով, որ այն ունի նկրտում ինքնիշխան հայկական տարածքի՝ Սյունիքի նկատմամբ։ Ադրբեջանն էլ պնդում է, որ միջանցքը չպետք է լինի Հայաստանի լիակատար վերահսկողության տակ՝ մտահոգություն հայտնելով, որ Երևանին չի կարելի վստահել անարգել մուտքի երաշխիքի հարցում»։
Այսպիսով, ըստ պարբերականի, Հայաստանը կտրականապես դեմ է ճանապարհի վերահսկողությունը որևէ երրորդ կողմի փոխանցելուն․ «32 կմ երկարությամբ միջանցքը դարձել է էական խոչընդոտ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու համար։Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց սա մանրուք չէ» — լրագրողներին ասել է Բարաքը՝ Նյու Յորքում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Շարունակելով Բարաքը նշում է․ «Այսպիսով, տեղի է ունենում, որ Ամերիկան միջամտում է և ասում՝ լավ, մենք կվերցնենք այն։ Տվեք մեզ 32 կիլոմետր ճանապարհը հարյուր տարվա վարձակալության պայմանագրով, և դուք երկուսդ կարող եք օգտվել դրանից»։
Բարձրաստիճան դիվանագետի մեկնաբանություններն առաջին պաշտոնական հաստատումն են այն բանի, որ Թրամփի վարչակազմն առաջարկել է կառավարել այսպես կոչված «միջանցքը» ԱՄՆ մասնավոր առևտրային օպերատորի միջոցով, որը կծառայի որպես չեզոք երաշխավոր։
«Քարնեգի» հիմնադրամի վերջերս հրապարակված զեկույցում նշվում է, որ ծրագիրը հիմնված է Եվրամիության նախկին առաջարկի հիման վրա, որը նախատեսում է ԱՄՆ լոգիստիկ ընկերությանը հանձնարարել կառավարել և վերահսկել բեռների տարանցումը երթուղու երկայնքով՝ թափանցիկ կերպով տվյալներ փոխանակելով բոլոր կողմերի հետ․ «Առաջարկը հիմնված է Վրաստանի անջատողական շրջաններում միջազգային վերահսկողության նախադեպերի վրա՝ նպատակ ունենալով բավարարել Բաքվի պահանջը՝ ամուր, երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ, միաժամանակ պահպանելով Երևանի ինքնիշխանությունը միջանցքի նկատմամբ»։
Middle East Eye-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հենց Թուրքիան է սկզբնապես առաջարկել միջանցքը կառավարելու գաղափարը, որը հաստատվել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից․ «Սակայն, հայկական կողմը պահանջել է, որ ընկերությունն աշխատի նաև միջանցքի Նախիջևանի կողմում, ինչն անընդունելի էր Բաքվի համար»։
![]()