Քաղաքացիական վերաքննիչ դատարանը վճիռ է հրապարակել Վազգեն Գալստանյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով

Ինչպես հայտնի է՝ «սրբազան շարժման» առաջնորդ Վազգեն Գալստանյանը մեկ տարի առաջ դատական հայց էր ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Մեկ տարի առաջ հունիսի 12-ին սույն շարժման մասնակիցների կողմից ԱԺ-ի ուղղությամբ կազմակերպված գրոհից հետո, ելույթ ունենալով խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել էր՝ «եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը, հարձակումից որոշ ժամանակ առաջ դիմելով ոստիկաններին, ասել է, թե՝ տղաներ, հանեք ձեր սաղավարտները, որովհետև ձեզ ոչինչ չի սպառնում, որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղությամբ քարանետում է կազմակերպել այդ նույն մարդը»։ Ահա, Նիկոլ Փաշինյանի խոսքի երկրորդ մասը՝ «նույն մարդու» գործողության մասին՝ քարանետման կազմակերպում, «նույն մարդը» համարել էր զրպարտություն և ստիպել ուշացումով, բայց՝ դիմել դատարան։

Դեռ 27․12․2024-ին քաղաքացիական դատարանը մերժել էր ընդունել Գալստանյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ բավարարելով պատասխանողի միջնորդությունը հայցային վաղեմության կիրառման մասին և մերժել էր Գալստանյանի հայցը՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

Հայցվորը վերաքննության կարգով բողոքարկել էր դատարանի վճիռը։ Վերաքննիչ դատարանն էլ ս․թ․ հունիսի 23-ին Գալստանյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել է՝ անփոփոխ թողնելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճիռը։ Ինչպես նաև՝ հայցվոր Գալստանյանից հօգուտ պատասխանողի բռնագանձել 50 հազար դրամ՝ որպես Վերաքննիչ դատարանում փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցապահանջով Գալստանյանը (ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյան՝ Ռ․ Քոչարյանի գործերով հայտնի փաստաբան ) պահանջում էր պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող հետևյալ փաստացի տվյալը. «որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղությամբ քարանետում է կազմակերպել այդ նույն մարդը»։ Հերքման ձևն էլ այսպես է նկարագրված՝ www.facebook.com («Ֆեյսբուք») սոցիալական կայքի՝ պատասխանող Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջի միջոցով ուղիղ եթեր դուրս գալ կամ հերքման տեքստը պարունակող տեսանյութ տեղադրել, ուղիղ եթերի ընթացքում կամ տեղադրվող տեսանյութով զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալը հերքել,- ուղիղ եթերի կամ տեղադրված տեսանյութը «Հերքում՝ Վազգեն Գալստանյանի վերաբերյալ» վերնագրելու և- ուղիղ եթերի տեսանյութը կամ տեղադրված տեսանյութը www.facebook.com («Ֆեյսբուք») սոցիալական կայքի՝ Պատասխանողին պատկանող պաշտոնական էջում պահպանել։

«Սառեցված սրբազանը», որը ձերբակալվել է ս․թ․ հունիսի 25-ին, այնուհետ՝ կալանավորվել, իր հայցապահանջում նշել էր, թե պատասխանողի հայտարարության մասին լսել է 2024 թվականի հուլիսի 15-ին Հովհաննես Իշխանյանի (ընդդիմադիր ակտիվիստ-խմբ․) կողմից պատրաստած տեսանյութը դիտելու արդյունքում։ Հայցադիմումը էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացվել է 30․07․2024թվականին։

Բողոքաբերը պնդել է, որ Հովհաննես Իշխանյանը ԱԺ-ի հարևանությամբ 2024 թ․ հունիսի 12-ին տեղի ունեցած հավաքի վերաբերյալ պատրաստել է ամփոփ հոլովակ և 2024 թվականի հուլիսի 15-ին ներկայացրել հայցվոր Վազգեն Գալստանյանին, որը դիտելու ընթացքում է վերջինս տեղեկացել ՀՀ Աժ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն ելույթի մասին, որ ինքը իբրև քարանետում է կազմակերպել ոստիկանների նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Նույն հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան՝ վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված ժամկետը հայցային վաղեմության հատուկ՝ ավելի
կրճատ ժամկետ է և դա պայմանավորված է իրավահարաբերության բնույթով․ ժամանակի ընթացքում «հնանում է» տեղեկատվությունը և դառնում ոչ ակտուալ։ Դատարանը գտել է, որ վաղեմության ընթացքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածների համաձայն սկսել է հոսել համապատասխանաբար 2024 թ. հունիսի 14 -ից, մինչդեռ՝ հայցվորը իր իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարան է ներկայացրել միայն 2024 թ. հուլիսի 30 -ին, այսինքն՝ հրապարակվելուց մեկ ամիս անց, հետևաբար՝ բաց են թողել օրենքով սահմանված և տվյալ դեպքում կիրառելի հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ