Ինչ է տեղի ունենում, ինչով էր կարևոր Փաշինյան-Ալիև հանդիպումը. Բաբաջանյանը մանրամասնում է մեսիջները. տեսանյութ

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Աբու Դաբիում կայացած երկկողմ ձևաչափով հանդիպումը կարևորում է մի քանի առումներով:

Բաբաջանյանը նախ ձեռքբերում է համարում այն, որ այլևս Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ ձևաչափ գոյություն չունի:

«Հասկացան, որ Ռուսաստանը տրոյական ձի էր, որի նպատակը ոչ թե խաղաղության հասնելն էր, այլ մշտական հակամարտության մեջ պահելը կողմերին, և դրանով իր ազդեցությունն ավելի խորացնելու և տարածելու նպատակ էր դրված հիմքում: ՀՀ-ն ու Ադրբեջանը գտան կամքը՝ ուղիղ խոսելու: Նոյեմբերի 9-ի եռակողմ ֆորմատը այլևս անցյալ է»,- ասում է նա:

Միաժամանակ Բաբաջանյանը տեսակետ է հայտնում, որ այս ճանապարհին հատկապես տնտեսական առումով ՀՀ-ն խնդիրների է բախվելու. «Սա այն եզակի լծակներից է, որ ՌԴ-ն պահում է իր ձեռքին»:

Վերջինս նկատում է՝ հատկապես Աբու Դաբիում հանդիպելը խոսում է այն մասին, որ այս հարթակը դիտարկում են որպես մի վայր, որը կարևոր է և՛ Արևմուտքի, և՛ արաբական ու մահմեդական աշխարհների համար. «Սա շատ ավելին է, քան մենք կարող ենք պատկերացնել»:

Քաղաքական գործչի նկատառմամբ՝ բավական հետաքրքրական է ԱՄՆ-ի՝ վերջերս արած հայտարարությունը, ըստ որի՝ Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածություն կա այս հակամարտության կարգավորման գործընթացում. «Թրամփի ադմինիստրացիան վերադառնում է նույն դինամիկային, երբ կար Բլինքենի ժամանակ. մենք շատ կոմֆորտ էինք մեզ զգում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»:

Բաբաջանյանն ընդգծում է՝ Վաշինգտոնում եկել են այն եզրահանգման, որ կարելի է գործնականացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ:

Միաժամանակ «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդն ասում է՝ ոչ մի քաղաքական ձեռք բերված համաձայնություն չի կարող կյանք ունենալ, եթե դրա հիմքում չկա փող, այսինքն՝ տնտեսական բաղադրիչ:

Բաբաջանյանը կարևորում է նաև Թուրքիայի հետ ուղիղ շփումները: Վերջինս այն համոզմանն է, որ այժմ ՀՀ-Թուրքիա հարաբերությունները գտնվում են պատմական վիճակում. «Սա ևս վկայում է, որ ռուսները կորցրել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններում միջնորդի լծակը»:

Ըստ զրուցակցի՝ եթե Թուրքիան ՀՀ-ին կլանելու նպատակ ունենար, արդեն պիտի սահմանը բացած լիներ, ուրեմն, նրա համոզմամբ, նման նպատակ չկա:

Քաղաքական գործիչը համոզմունք է հայտնում, որ Հայաստանը պետք է նրանց հետ ընկերություն անի, ովքեր ճանաչում են իր տարածքային ամբողջականությունը, իսկ ովքեր չեն ճանաչում, չեն կարող դաշնակից լինել:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ