Ոչ մեկին չի կարելի գյուլլել պատի տակ՝ ո՛չ թմրամոլին, ո՛չ հանցագործին. Ալեն Սիմոնյան

«Ակնհայտ է, որ Բագրատ Գալստանյանն արդեն չէր կարողանում միտինգ կազմակերպել, և դա փաստ է: Հիմա ասում են, որ դա միտինգի կազմակերպում է, այլ ոչ թե ահաբեկչություն»:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ակնհայտ է լինելու, որ եթե դուք կարդաք այդ 77-էջանոց տեքստը, կտեսնեք, որ խոսքը միտինգի մասին չէ: Ուզում եմ հասկանալ՝ ՀՀ-ում միտինգ կազմակերպելու, մարդկանց հրավիրելու, կազմակերպչական գործ անելու համար երբևէ որևիցե մեկը մտահոգություն ունեցե՞լ է»,- նշել է Սիմոնյանը:

Նա հավելել է, որ Գալստանյանն ու մյուսները խճճվել են սեփական ստերի մեջ, անգամ հայտարարում են, թե ձայնագրությունները մոնտաժված են:

«Հիմա ինչ հնարավոր է, իրենք ասելու են, բայց այսօրվա տեխնիկական միջոցներով շատ հանգիստ կարելի է ապացուցել՝ արդյո՞ք դա արհեստական բանականությա՞մբ է ստեղծված, թե ոչ, արդյոք այդ ոզնիները կամ զենքը խաղաղ միտինգ կազմակերպելո՞ւ համար են»,- նշել է Սիմոնյանըև հավելել, որ Գալստանյանը և ընդդիմությունն այլևս սպառել էին որևէ քաղաքական գործընթաց փողոցում գեներացնելու հնարավորությունը:

«Ուզում եմ հասկանամ՝ այն սարկավագը, որն ասում է՝ ուզում եմ Նիկոլին սպանեմ, Ալենին սպանեմ, Արարատին սպանեմ, նա էր կազմակերպիչը քաղաքական, թե այն մնացած մարդիկ էին, ովքեր այսօր որպես մեղադրյալ են անցնում, ո՞ւր են քաղաքական գործիչները, քաղաքական այն միավորները, որ քաղաքական գործը պետք է ասեին, քաղաքական գործընթացը կազմակերպեին:

Հասկացանք, ձեզ թույլ եք տալիս ասելու՝ էս ժողովուրդը խորը անասուն է, բայց մարդիկ կարդալ էլ գիտեն, գրել էլ գիտեն: Ես էլ եմ պայքարել, բայց մենք ո՛չ շշեր ենք ունեցել, ո՛չ պայթուցիկ ու զենք ենք ունեցել»,- հավելել է խորհրդարանի խոսնակը:

Սիմոնյանը հարց է ուղղել, թե որևիցե մեկը լսե՞լ է հստակ բացատրություն այն նախադասության՝ ինչ է նշանակում «երկու հոգի պատի տակ գյուլլում ես, ընտանիքներին էլ փոխհատուցում տալիս, իրենք էլ դրա վրա ուրախանում են»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե լուրեր են եղել, որ խոսքը թմրամոլներին է վերաբերվել, Սիմոնյանը հակադարձել է.

«Ոչ մեկին չի կարելի գյուլլել պատի տակ՝ ո՛չ թմրամոլին, ո՛չ հանցագործին: Ոչ ոք դրա իրավունքը չունի, առավել ևս Բագրատը կամ որևիցե մի կերպար: Բա իրենց մոտ ինչի էր թմրամիջոց հայտնաբերվել»:

Հիշեցնենք՝ այս վարկածը Քննչական կոմիտեն պաշտոնապես հերքել է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ