![]()
«Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստ են ստեղծել հետաքննական մեխանիզմներ հակամարտության գոտում», — այս մասին այսօր Սանկտ Պետերբուրգում ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին։
Լրագրողը հարցրել էր, որ վերջին անգամ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին, ադրբեջանցի զինվոր զոհվեց հայ դիպուկահարի կրակոցից, ինչպե՞ս կարող է մեկնաբանել, որ իրավիճակը մի կողմից կառուցողականություն է նշում Փաշինյանը, մյուս կողմից մարդիկ են մահանում։
«Դուք ասացիք զոհված զինվորի մասին, իրականում Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են սպայի, մայորի կոչումով, մահվան մասին, մենք ստուգել ենք այդ տեղեկատվությունը և նաև ուղարկել ենք համանախագահներին։ Այդ օրը նույնիսկ մեկ կրակոց հայկական կողմից չի եղել։ Մենք նույնիսկ ստուգել ենք բոլոր զենքերը զինվորների, որ այդ օրը ծառայության են եղել այդ տարածքում։ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները այս ամենը նույնպես հաստատել են։
Կա տեսանյութ, որը ապացուցում է, որ Ադրբեջանական ուժերի կողմից է եղել կրակոց, ինչը մենք փոխանցել ենք համանախագահներին և ադրբեջանական կողմին։ Ինչը ապացուցում է, որ այդ ժամին որևէ կրակոց հայկական կողմից չի եղել։ Չնայած դրան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինվորներից մեկը սպանվել էր ադրբեջանական դիպուկահարների կողմից», — պատասխանեց Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ որպեսզի խուսափենք նման վեճերից, թե ով երբ և ում է կրակել, այդ կապակցությամբ անհրաժեշտ է քննարկել այն համաձայնությունները, որ ձեռք էին բերվել դեռ 2016-ին Վիեննայում։
![]()