ՀՀ ոստիկանությունն իրականացրել է ասֆալտին փռելու լայնածավալ օպերացիա

Ոստիկանության ծառայողները ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ցուցումով գործել են օրինականության սահմաններում՝ հանդուրժողականություն և ներողամտություն չդրսևորելով օրինախախտների նկատմամբ։ Ոստիկանության ծառայողներն օպերատիվ խմբերով շրջել են ողջ Երևանով և հայտնաբերել մի շարք իրավախախտումներ։

Զենք-զինամթերք, սառը զենք պահելու և կրելու, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով, ինչպես և մայրաքաղաքի փողոցներում թիկնազորով շրջելու, հասարակության մեջ ոչ սթափ վիճակով հայտնվելու և ոչ իրավաչափ վարք դրսևորելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել մի խումբ անձինք։

Ոստիկանների ուշադրության կենտրոնում էին նաև իրենց գործողություններով երթևեկության անվտանգությանը սպառնացող վարորդները, որոնք միտումնավոր թույլ են տալիս երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվեց այդպիսի 49 վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ