![]()
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մոսկվայում է:
Պուտինի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ բարեմաղթանքները։
«Գերագույն առաջնորդը և նախագահ Փեզեշքիանը խնդրեցին ինձ փոխանցել իրենց բարեմաղթանքները:Հուսով եմ, որ այսօր մենք կկարողանանք քննարկել հարցերի ամբողջ շրջանակը», — ասել է նա Կրեմլում Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը հանրապետությանը հասցված հարվածներն անվանել է ագրեսիա:
«Սա բացարձակապես չհրահրված ագրեսիա է Իրանի դեմ, այն չունի ոչ մի հիմք կամ արդարացում: Մեր դիրքորոշումը ներկայիս իրադարձությունների վերաբերյալ հայտնի է, դա հստակ արտահայտված և նշված է արտաքին գործերի նախարարության կողմից Ռուսաստանի անունից արված հաղորդագրության մեջ»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը։
Ինչպես հետևում է ՌԴ ԱԳՆ-ի ավելի վաղ հրապարակված հայտարարությունից, Մոսկվան խստորեն դատապարտելմ է Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումները։ Դիվանագիտական գերատեսչությունը կոչ է արել դադարեցնել ագրեսիան և մեծացնել ջանքերը՝ իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ալիք վերադարձնելու պայմաններ ստեղծելու համար։
Միաժամանակ, Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Արաղչին պետք է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նամակը փոխանցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «օգնության խնդրանքով»։
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ Թեհրանն, իբր, «տպավորված չէ» Ռուսաստանի աջակցությամբ այս պահին և կցանկանար, որ Մոսկվան «ավելի շատ աներ, քան հիմա»։ Միաժամանակ զրուցակիցները չեն հստակեցրել, թե ինչպիսի աջակցության վրա է հույսը դնում իրանական կողմը։
Մինչ այս ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի՝ հունիսի 23-ին, հանդիպում կունենա Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։
Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը ենթադրել է, որ իրանցի նախարարը կարող է առաջարկել Ռուսաստանի առաջնորդին միջնորդ դառնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Իսլամական Հանրապետության բանակցություններում։ Նրա կարծիքով, իրանական կողմը կարող է նաև Ռուսաստանից ռազմական տեխնիկա խնդրել։
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ չի վախենում ԱՄՆ-ից և «վճռական պատասխան» է տալու։
![]()