![]()
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը ոչնչացրել է Ֆորդոյում գտնվող միջուկային կարողությունը, ինչը հենց առաջնային նպատակն էր։
Նրա հետ ասուլիսին մասնակցող ռազմաօդային ուժերի գեներալ Դեն Քեյնը մի փոքր ավելի զգուշավոր է արտահայտվել. վնասի վերջնական գնահատումը որոշ ժամանակ կպահանջի, ասել է նա: Սակայն, ըստ նախնական գնահատականների, «բոլոր երեք տեղամասերը, որոնց վրա ԱՄՆ-ը հարձակվել է անցած գիշեր, ծայրահեղ ծանր վնասներ և ավերածություններ են կրել»։
Ամերիկյան B-2 գաղտագողի ռմբակոծիչները «մտնում և դուրս էին գալիս Իրանի միջուկային օբյեկտներ, և աշխարհը նույնիսկ չգիտեր դա», — ասել է նա լրագրողներին:
Ենթադրվում է, որ ամերիկյան խոշոր ինքնաթիռները միակն են, որոնք կարող են զենք կրել և հարվածել Իրանի ամենաապահով միջուկային օբյեկտին Ֆորդոյում, որը գտնվում է գետնի խորքում:
Խոսելով հարվածի պատճառների մասին՝ Հեգսեթը ասել է, որ նախագահ Թրամփը «լիովին հավատարիմ է խաղաղ գործընթացին» և ցանկանում է հասնել բանակցությունների արդյունքի։ Այնուամենայնիվ, չնայած Թրամփն «Իրանին տվել է բոլոր հնարավորությունները, նրանք հրաժարվել են շփվելուց», համոզմունք է հայտնել պաշտպանության նախարարը:
Միաժամանակ Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն իր ռմբակոծությամբ չի փորձում տապալել Իրանում այաթոլլայի ռեժիմը։
«Այս առաքելությունը ուղղված չի եղել և ուղղված չէ ռեժիմի փոփոխությանը: Նախագահը թույլ է տվել ճշգրիտ գործողություն իրականացնել՝ չեզոքացնելու մեր ազգային շահերին ուղղված սպառնալիքները Իրանի միջուկային ծրագրից, ինչպես նաև մեր ուժերի և մեր դաշնակից Իսրայելի հավաքական ինքնապաշտպանության համար», — ասել է Հեգսեթը:
Ելույթի ավարտին Հեգսեթն ընդգծել է, որ ԱՄՆ-ը դեռ սպասում է Իրանին բանակցությունների սեղանի շուրջ։
![]()