![]()
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ:
Զրուցակիցները քննարկել են հայ-բուլղարական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարձր մակարդակի հանդիպումները, որոնք կնպաստեն երկկողմ համագործակցության խթանմանը: Վարչապետը նշել է, որ երկու ժողովուդրների միջև առկա են ավանդական բարեկամական հարաբերություններ և Հայաստանի ու Բուղլարիայի կառավարությունները պետք է գործնական քայլեր իրականացնեն միջպետական հարաբերություններին նոր ազդակներ հաղորդելու համար:
Կառավարության ղեկավարը նշել է Բուլղարիայի կարևոր դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում և նշել, որ Հայաստանը շահագրգռված է տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմամբ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը Բուլղարիայի խորհրդարանի կողմից ու ընդգծել, որ այդ համաձայնագրի լիարժեք գործարկումը մեծապես կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ամրանդմանն ու բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:
![]()
Կառավարության ղեկավարը հավելել է, որ մեր երկիրը կարևորում է Եվրոպական միության և նրա անդամ պետությունների հետ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների վրա:
![]()