Թուրքիայի համար կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», որի մասը կարող է լինել «Խաղաղության խաչմերուկ»-ը. վարչապետ

Թուրքիա այցի նպատակն է նաև մեր դիրքորոշումները, մոտեցումները, առաջարկները ավելի մանրամասն ներկայացնել Թուրքիայի նախագահին: «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին Նյու Յորքում նախորդ տարի տեղի ունեցած մեր հանդիպման ընթացքում մենք հասցրել ենք խոսել, բայց շատ ընդհանուր գծերով:

Այս մասին Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է նախագծի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը:

«Դուք ասում եք Թուրքիայի դիրքորոշումը ինչպիսի՞ն է: Ես նախ ուզում եմ համոզվել որ Թուրքիան բավարար չափով տեղեկացված է մեր դիրքորոշումների և նրա նրբությունների մասին: Այդ հարցին պատասխանելու համար նախ պետք է համոզվել, որ Թուրքիան և Թուրքիայի նախագահը էական մանրամասներով ծանոթ են մեր առաջարկին:

Շատ կարևոր է, որ պոտենցիալ հարցերի պատասխանները և մեր պատկերացումները նախագծի ամբողջական էության մասին ես հնարավորություն ունենամ Թուրքիայի նախագահին ներկայացնելու»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ նման թեմաները նույնիսկ մի քննարկմամբ հնարավոր չէ ներկայացնել:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ դիվանագիտական շփումները հենց դրա համար են կարևոր:

«Շատ կարևոր է վերջում իմանալ, թե որն է այն կետը, որը արձանագրվի, ու մենք կհամարենք, որ այս փուլի մեր նպատակն իրագործվեց: Արդեն ասացի․ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում, որը ենթադրում է Հայաստան-Թուրքիա ճանապարհների, երկաթուղիների վերաբացում: Հիմա Թուրքիայի համար շատ կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», և նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն լիարժեքորեն ներգրվում է Թուրքիայի կողմից պաշտպանվող և Թուրքիայի կողմից առաջ մղվող «Միջին միջանցքի» նախագծում, և գոնե ինձ համար ակնհայտ է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է լինել «Միջին միջանցք» նախագծի մաս և այդ տրամաբանության մեջ է»,- մանրամասնել է վարչապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ