![]()
Մենք մեր նախկին փորձից պետք է որոշակի հետևություններ և դասեր առնենք: Մենք այս այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք: Երկու տարի առաջ նման այցի լինելն արդեն չափազանցված սպասելիք կհամարվեր, այսինքն՝ նկատի ունեմ՝ այդ ակնկալիքն արդեն կայացել է, և իմ պատկերացրած ակնկալիքն այն է, որ այս այցը պետք է ապահովի միջպետական երկխոսության հետագա բնականոն ընթացքը, և մեր տրամադրվածությունն այդպիսին է:
Այս մասին Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ինքը պատրաստվում է Թուրքիայի նախագահին շնորհակալություն հայտնել այս հրավերի համար, նաև պատրաստվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել մասնակցելու Հայաստանում հաջորդ տարի գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը Երևանում տեղի է ունենալու նաև Թուրքիայի աջակցությամբ:
«Որովհետև Թուրքիան նույնպես Եվրոպական քաղաքական համայնքի ձևաչափի անդամ է: Եվ ես պատրաստվում եմ հրավիրել նախագահ Էրդողանին մյուս տարի գարնանը, իհարկե, ամսաթվերը դեռ ճշտվում են, մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, և հույս ունեմ, որ հաջորդ տարի արդեն մեր հանդիպումը տեղի կունենա ՀՀ-ում»,- տեղեկացրել է վարչապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
![]()