![]()
«Կրեմլն ուշադիր հետևում է Հայաստանում «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման հետ կապված իրավիճակին և պատրաստ կլինի նրան որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացու ցուցաբերել անհրաժեշտ ողջ օգնությունը»։
Այս մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, մենք հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչը կապված է ՌԴ քաղաքացու հետ»,- ասել է Պեսկովը՝ հավելելով․ «Անհրաժեշտության դեպքում, իհարկե, Ռուսաստանը պատրաստ կլինի Սամվել Կարապետյանին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը»։
Նման հայտարարություն ավելի վաղ արել էր նաև Մարիա Զախարովան։
Հիշեցնենք՝ հունիսի 18-ի գիշերը ձերբակալվել էր գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Վերջինս ոստիկանների ուղեկցությամբ բաժին էր տեղափոխվել Ուլնեցի փողոցում գտնվող իր բնակարանից:
Ըստ գործարարի փաստաբանի՝ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։
Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացվել:
Հունիսի 18-ին Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։
Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հարցազրույց էր տվել և կարծիք հայտնել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների վերաբերյալ՝ ասելով. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։
Նրա այս հայտարարությանն արձագանքել էր Նիկոլ աշինյանը. «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»:
Սամվել Կարապետյանը ՌԴ-ի ամենահարուստ հայազգի գործարարներից է, նրա կարողությունը տարբեր հաշվարկներով գնահատվում է շուրջ 3 մլրդ դոլար։
![]()