Հո չէ՞ր ասելու՝ ֆինանսավորելու եմ զինված բանդաների՝ նոյեմբերի 9-ի նման պետական հեղաշրջման փորձ անեն. Կոնջորյան

Այն ուժերը, որոնք որ 2020 թվականից հետո, որոնց դաշնակիցն է նաև Կտրիճ Ներսիսյանը, Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի տապալման, Հայաստանի Հանրապետությունում գնդակահարությունների տեսարաններ էին բեմադրում, Հայաստանի Հանրապետությունում մեր պետության ինքնիշխանությունից զրկելու հրապարակային կոչեր էին անում, հիմա էդ մարդկանց պարագլուխները հիմա հավաքված են դատարանի բակում՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ ընդգծելով.

«Սա ձեզ ոչինչ չի՞ ասում: Այն շրջանակը, որոնց հետ որ իրենք դաշնակցելով փորձում են ինչ-որ հարցեր լուծել և ինքն էլ ասում է, որ ես անմիջականորեն դա կանեմ, դա ձեզ ոչինչ չի ասո՞ւմ: Ձեզ ոչինչ չի ասո՞ւմ, որ օրինակ, Սոլովյովի պես դուրս պրծուկը, որն որ անընդհատ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հարձակումներ է գործում, պաշտպանում է Սամվել Կարապետյանին և ռուս պրոպագանդիստների են խումբը, որը որ տարբեր առիթներով հիբրիդային հարձակումներ է գործում:

Ասա՝ ով է քո պաշտպանը, ասեմ ով ես դու»:

Անդրադառնալով մեկնաբանի դիտարկմանը՝ թե ինչումն է ի վերջո Կարապետյանից եկող սպառնալիքը, Կոնջորյանն ընդգծել է՝ ինքը հնչեցնում է տեղի ունեցողի քաղաքական գնահատականը:

«Բա հո չէ՞ր ասելու՝ գիտեք ինչ կա, ես ֆինանսավորելու եմ զինված բանդաների, որոնք որ նոյեմբերի 9-ի նման հարձակվելու են պետական շենքերի վրա և փորձելու են երկրում պետական հեղաշրջում անեն: Պիտի ասեր մենք նոր Նաիրի Հունանյաններ եք բուծելու, որ հարձակվեն մարդկանց վրա՞»,- ասել է Կոնջորյանը:

Պետրոս Ղազարյանի՝ դուք որոշել եք ոչնչացնել ընդդիմությանն ի պատասխան, Կոնջորյանն ասաց՝ քաղաքականապես ընդդիմությունն արդեն ինքնաոչնչացված է:

«Հնարավոր չէ ոչնչացնել այն, ինչն այլևս գոյություն չունի»,-ասաց Կոնջորյանը:

Հիշեցնենք՝ այս գիշեր ձերբակալվել է գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Վերջինս ոստիկանների ուղեկցությամբ բաժին է տեղափոխվել Ուլնեցի փողոցում գտնվող իր բնակարանից:

Ըստ գործարարի փաստաբանի՝ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։

Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացվել, միջնորդություն է ներկայացվել կալանքի մասին:

Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հարցազրույց էր տվել և կարծիք հայտնել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների վերաբերյալ՝ ասելով. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։
Նրա այս հայտարարությանն արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մեկ այլ գրառման մեջ էլ Փաշինյանը նկատել էր. «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»:
Ինչպես հայտնել ենք, հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացրել գործարար, «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ Երևանում գտնվող տանը։

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ին փոխանցել է, որ իրականացվում են օպերատիվ գործողություններ, մի խումբ անձինք բերման են ենթարկվել:

Սամվել Կարապետյանը ՌԴ-ի ամենահարուստ հայազգի գործարարներից է, նրա կարողությունը տարբեր հաշվարկներով գնահատվում է շուրջ 3 մլրդ դոլար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ