Եկեղեցին ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար, ընդամենը ծխածածկույթ է. Նիկոլ Փաշինյան

«Այդ հայտարարությունը Եկեղեցու մասին չէր, դա ՀՀ-ի մասին էր: Փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ում ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղերից կարող են գալ և ինչպես իրենք են ասում՝ իրենց ձևերով ինչ-որ բան անել: ՀՀ-ն ունի արձագանքի կոնկրետ լծակներ և ես չեմ հանդուրժի, որ որևէ մեկի լեզուն պտտվի նման բան ասել»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարությանը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, ՀՀ-ում յուրաքանչյուրն ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու, քաղաքական և հանրային կյանքին մասնակցելու իրավունք, բայց որևէ մեկը չի կարող ՀՀ-ին սպառնալ. «Ես ամենակոշտ և ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում: Կարապետյանն ասաց, որ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մենք մեր ձևերով կմասնակցենք կամ կմիջամտենք, դա արժանացել է և արժանանալու է համարժեք գնահատականի: Մեր երկրում ցավոք շատերը կամ ոմանք ժողովրդավարությունը փորձում են նույնացնել թուլության հետ: Նրանք, ովքեր կփորձեն ժողովրդավարությունը թուլության հետ շփոթել՝ պետության համը կմնա բերաններում: Իմ բազմաթիվ մարզային այցելությունների ընթացքում ես զարմանքով և զայրույթով արձանագրեցի, որ ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում ՀՀ-ում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել: Հիմա վերլուծությունը հիմք է տալիս մտածելու, որ այդ ամենն արվել է և արվում է ՀՀ-ում ներքին, հանրային դժգոհություն գեներացնելու համար, բայց ես տվել էի հանձնարարական, որ մի ամսվա ընթացքում կա՛մ պետք է հստակ ժողովրդին հասցված վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կա՛մ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին, ես այդ ակտիվացումն ուղիղ կապում եմ իմ այդ հանձնարարականի որոշմամբ: Լոռու մարզի իմ այցի ժամանակ ուր մտել եմ՝ հոսանք չի եղել, սա անհանդուրժելի վիճակ է: Եկեղեցին ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար, ընդամենը ծխածածկույթ է»:

Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ում կա իրավակարգ և այդ իրավակարգի շրջանակներում ամենաարագ և արդյունավետ գործելու տեղն ԱԺ-ն է. «Ամեն ինչ տեղի կունենա օրենքով, քրեական վարույթները դրա հետ այս տրամաբանությամբ կապ չունեն: ՀՀ-ում քաղաքական գործունեություն կարող է ծավալել յուրաքանչյուր անձ, բայց երբ մի կողմում է դրվում քաղաքական գործունեությունը, մյուս կողմում դրվում է իր ձևով մասնակցությունը, ՀՀ-ն կկասեցնի ցանկացածի իր ձևով որևէ հարց լուծելը: Քննչական մարմինները կտան համապատասխան գնահատականներ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ