![]()
Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության անունից հրավիրված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցել են տեղի հայ համայնքի բազմաթիվ ազդեցիկ ներկայացուցիչներ, մշակութային, հասարակական գործիչներ և գործարարներ:
Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ արտերկիր իր այցերի ընթացքում ավանդույթ են դարձել մեր հայրենակիցների հետ հանդիպումները:
«Նման հանդիպումներն իսկապես շատ կարևոր են, որովհետև հույս ունենք, որ Նոր Հայաստանը իսկապես շատ մեծ ձգողականություն ունի և պիտի ավելի ու ավելի մեծ ձգողականություն ունենա ողջ հայության համար: Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող փոփոխությունների նպատակն է, որպեսզի աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ հպարտ լինի Հայաստանի համար, հպարտանա նրա բովանդակությամբ, տնտեսական, քաքաղաքական վիճակով:
Բնականաբար այդ հպարտությունը նաև պետք է նրանց ոգևորի, որ նրանք իրենց ներդրումն ունենան երկրի զարգացման գործում: Ներդրում ասելիս սովորաբար ընկալվում է ֆինանսական ներդրումը, բայց իմ ընկալմամբ` նույնքան կարևոր է բարոյական, տրամադրության, մթնոլորտի ներդրումը: Ուրախ եմ, արձանագրել որ հայության շրջանում այդ պոզիտիվ ներդրումը ձևավորված է»,— նշել է Նիկոլ Փաշինյանը:
![]()
Վարչապետը փաստել է, որ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բուռն իրադարձություններ: «Այս ընթացքում մեր վստահությունն ավելի է մեծանում: Մենք ի վերջո հասել ենք մի վիճակի, որ կարողանալու ենք լուծել մեր առաջ դրված խնդիրները, ամենակարևորը` Հայաստանը դարձնել մրցունակ պետություն, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե՛ անվտանգային առումով: Մեր նպատակն է Հայաստանը դարձնել ազդեցիկ, հեղինակավոր երկիր թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային առումով և մենք իրար հետ գնալու ենք այդ ճանապարհով»,- նշել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում այս տարի առաջին եռամսյակի տվյալներով արձանագրվել են բավականին շոշափելի հաջողություններ: «Նույնիսկ նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ տարածքում ամենամեծ տնտեսական աճն ապահոված պետությունն է: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով մենք շարունակում ենք պահպանել այդ դիրքերը: Հայաստանը ԵԱՏՄ-ում ամենամեծ տնտեսական աճի ցուցանիշն ունի, որը կազմել է 7,1 տոկոս: Ապրիլին տնտեսական ակտիվությունը կազմել է 9,2 տոկոս:
![]()
Սա չի նշանակում, որ ամեն ինչ փայլուն է, բայց նշանակում է` այն գաղափարը, որ մենք դրել ենք զարգացման հիմքում, սկսել է աշխատել»,- ասել է գործադիրի ղեկավարն ու հավելել, որ Հայաստանում պետք է ձևավորվի տնտեսական գործունեության ազատ դաշտ: «Յուրաքանրյուր հայ, ով ուզում է Հայաստանը շենացնելու, հարստանալու և հարստացնելու գործում ներդրում ունենալ, այդ հնարավորությունը պետք է ստանա և այդ հնարավորություններն արդեն կան»,— ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ ՀՀ կառավարությանն այլևս հետաքրքիր չեն հեշտ լուծելի խնդիրները, հասարակ տնտեսական սխեմաները: Նրա խոսքով` մենք մեր առաջ ավելի լուրջ խնդիրներ պետք է դնենք և դրանցից ամենակարևորը Հայաստանն ինովացիոն, տեխնոլոգիական երկիր դարձնելն է:
![]()