![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում կրկին անդրադարձել է Գարեգին Բ–ի լռությանը:
«Ինչի՞ մասին է խոսում Գարեգին Բ–ի լռությունը։
Մենք՝ իր հոտը, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից կուսակրոնության ուխտի խախտման եւ զավակ ունենալու վերաբերյալ։
Լռել, նշանակում է համաձայնվել եւ յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ասել ճշմարտությունը, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից։
Ստել, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից»,- գրել է վարչապետը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր՝ եթե պարզվի՝ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։
Այս գրառմանը հաջորդել էր Գարեգին Բ-ի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողովի հրավիրումը, որից հետո եկեղեցու վերնախավը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից:
Հոգևոր դասը փաստացի չի հերքել սրբազանների կուսակրոնության երդումը խախտելու և կաթողիկոսի՝ երեխա ունենալու մասին մեղադրանքները:
![]()