![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանի խոսքով՝ իշխանությունը Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ տարաձայնություն չունի, քանի որ որպես հավատավոր մարդիկ Եկեղեցին համարում են իրենց տունը. խոսքը գործող կաթողիկոսի և որոշ սրբազանների վարքագծի հետ հաշտ չլինելու մասին է:
Ըստ նրա՝ վարչապետի հայտարարությունից հետո, այն է՝ որ որոշ եկեղեցիներ «չուլանի» են վերածվել, որոշ հոգևորականներ հոգևորականին ոչ հարիր բառապաշարով և ագրեսիվությամբ մի իսկական «խաչակրաց արշավանք» սկսեցին վարչապետի դեմ և բացահայտեցին ընդդիմադիր ճամբարում հանգրվանած լինելու փաստը:
Կոնջորյանի խոսքով՝ այս մարդիկ չեն զբաղվում հոգևոր ծառայությամբ, այլ դարձել են վեղարով քաղաքական մարտագլխիկներ:
Վերջինս այն համոզման է, որ տասնամյակներով կղերականության որոշ շրջանակի և օլիգարխիայի միջև մի սրբապիղծ ամուսնություն է տեղի ունեցել, և այդ ամուսնության արդյունքում ծնվել է մի այլանդակ համակարգ, որը շահագործել է հայ ժողովրդին ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր մակարդակում:
Այսպես կոչված՝ որոշ հայ հոգևորականներ քաղաքական գողապետերից ստացել են ֆինանսական և այլ արտոնություններ, նրանք էլ օծել են ապալեգիտիմ իշխանությանը և եկեղեցու միջոցով փորձել լեգիտիմացնել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը:
Իշխող խմբակցության ղեկավարը նկատում է՝ այսօր կա լեգիտիմ իշխանություն, և Մայր Աթոռի որոշ պետեր տեղները չեն գտնում, որովհետև իրենց ապրանքը այլևս գնորդ չունի, չգիտեն՝ ինչպես սրբությունը վաճառել:
Պատգամավորն ասում է՝ եթե կաթողիկոսը խախտել է բարոյական նկարագրի առանցքային կետերից մեկը, նշանակում է՝ նա կորցրել է հանրությանը բարոյապես առաջնորդելու լեգիտիմությունը: Եթե աղբյուրը պղծվել է, ժողովուրդը չի կարող խմել էդ ջուրը, օրինակ է բերում նա:
Գարեգին Բ-ն չի կարող խուսափել հարցից՝ կուսակրոնության ուխտը խախտե՞լ է, թե՞ ոչ, շեշտում է Կոնջորյանը և հավելում՝ որքան խուսափեն, այնքան ավելի են կորցնելու հոգևոր առաջնորդ լինելու լեգիտիմությունը:
«Պետք է հասկանան, որ եկեղեցին իրենց համար մաֆիոզական խմբավորում չէ, որ գնան «սխոդկա» անեն, որոշեն իրար մեջ: Հոգևորականները պետք է հասկանան, որ իրենց հոր տնից չեն բերել եկեղեցին»,- ընդգծում է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()